Այսօրվա ներքաղաքական իրավիճակը շատ հակասական է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀԱԿ դաշինքի նախկին անդամ, Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը:
Նրա խոսքով, կարծես հիմա ապատիայի լռության ժամանակաշրջան է եւ միաժամանակ կա ներքին լարվածություն, որը կարող է լայն թափ ստանալ: «Մի բառով կարելի է ասել՝ սպասողական իրավիճակ է: Տարբեր խմբեր սպասում կամ պատրաստվում են ինչ-որ պրոցեսների»,-ասաց Թովլադյանը:
Նրա համոզմամբ՝ այն իրավիճակը, որ կա Հայաստանում, պետք է միանշանակ փոխել: Կանաչների կուսակցության նախագահն առանձնացրեց տրանսպորտի թանկացման, բնապահպանական խնդիրները եւ մեջբերեց կառավարության այն հայտարարությունը, թե ամեն ինչ լավ է:
«Ի՞նչն ենք բարեփոխում, ի՞նչն է լավ: Իշխանությունների համար շատ ավելի լավ կլինի, որ թոշակառուները վերանան եւ նրանց թոշակ չտան: Չկա մի երկիր, որտեղ թոշակառուն բացակայի երկրից ու նրան թոշակ չտան: Իսկ Հայաստանում, եթե թոշակառուն երեք տարով բացակայում է երկրից, նրան զրկում են թոշակից»,- նշեց Արմենակ Դովլաթյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























