Գիտե՞ք, թե որքան աշխատողի հաստիք ունենք մենք, բայց մարդիկ չեն ուզում աշխատել. նպաստները մեր ազգին ծուլացրել են: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հայտնի ՀՀԿ-ական գործարար, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով նպաստների ինստիտուտը վերացնելու նախաձեռնությանը:
«Մենք այս պահին Հայաստանում չունենք բանվորներ, քանի որ բոլորը ցանկանում են միայն նպաստ ստանալ: Իմ անձնական կարծիքն է, որ նպաստները մեր ազգին պետք չեն: Աշխատավարձերի բարձրացմանը դեմ չեմ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ԱԺ պատգամավորիների աշխատավարձերի բարձրացմանը, Հայրապետյանն ասաց. «Ի՞նչ ասեմ, ես պատգամավոր չեմ: Կառավարությունը եթե այդպիսի բան էր որոշում, ուրեմն հետո գուցե նախարարներից եւ պատգամավորներից էլ ավելի որակյալ աշխատանք պահանջի: Եթե ինձ մնար ես առաջինը կսկսեի բարձրացնել ներքեւի շերտերից: Իմ սեփական բիզնեսի փորձը ցույց է տալիս, որ աշխատողի աշխատունակությունը բարձրանում է, երբ նրան լավ են վարձատրում: Իմ իմանալով մինչեւ սեպտեմբեր աշխատավարձերը ողջ երկրում աստիճանաբար բարձրանալու են»,-ընդգծեց գործարարը:
Անդրադառնալով Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու որոշմանը, Հայրապետյանն ասաց, որ ժամանակ չի ունեցել ուսումնասիրել, թե ինչ է նշանակում Մաքսային միություն եւ հստակ դիրքորոշում չունի այդ հարցում:
«Մաքսային միություն մտնելը սպորտի համար լավ է, քանի որ Ռուսաստանում կա լեգեոնականների թվի սահմանափակում, իսկ մեր տղաներն այնտեղ կարող են հանգիստ հանդես գալ»,-նկատեց նա:





























