Միխայիլ Սահակաշվիլիի նախագահության ընթացքում Վրաստանը հրաշալի առաջընթաց է գրանցել: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն՝ Միխայիլ Սահակաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Այդ ասուլիսի ժամանակ արված հայտարարություններն այսօր հրապարկվել են Վրաստանի նախագահի կայքում:

Բարոզուն վստահություն է հայտնել, որ «Վրաստանը հարգանքով է վերաբերելու այնպիսի պարտավորությունների, ինչպիսին է դատական համակարգը քաղաքական ազդեցությունից զերծ պահելը»: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել Վրաստանի հեռացող նախագահին «Եվրամիության հետ բարեկամության» համար:

Ինքը՝ Սահակաշվիլին, հայտարարել է, որ Վրաստանը շատ ավելի լավն է դարձել, քան տասը տարի առաջ էր եւ դա հատկապես լավ է երեւում Բրյուսելից: Սահակաշվիլին նաեւ հավելել է, որ այդ փոփոխությունները զգալի են ամբողջ աշխարհում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Վրաստանում կայացած նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել «Վրացական երազանքի» թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին, որի երդմնակալությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին: