Հայաստանում կուսակցությունների վարկաբեկման գործընթացն սկսել է Ռոբերտ Քոչարյանը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀԱԿ  դաշինքի նախկին անդամ, Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը: 

Նրա խոսքով՝ Քոչարյանի նախագահության տարիներին ստեղծվեցին տասնյակ կուսակցություններ, կլոններ: «Տարբեր բաներով հանդես էին գալիս, մի բան էին անում եւ վարկաբեկվում: Մի գործընթաց էր, որ մարդկանց մոտ հիասթափություն էր առաջացնում: Հիմա տարբեր ակտիվ երիտասարդների հետ խոսում ես, կուսակցության անդամ չեն ուզում դառնալ, կուսակցության անունից վախենում են, քանի որ կուսակցության իմաստը վարկաբեկվել է»,- ասաց Արմենակ Դովլաթյանը եւ ավելացրեց, որ այդ ամենը նպատակաուղղված քաղաքականություն է եղել:

Դովլաթյանի խոսքով՝ մարդկությունը ստեղծել է մի քանի կառավարման ձեւեր, որոնցից մեկն էլ կուսակցություններն են, որոնց միջոցով կարելի է ազդել վարվող քաղաքականության վրա, բայց եթե մարդիկ չեն ցանկանում կուսակցությունների հետ համագործակցել, դա թուլացնում է եւ կուսակցություններին, եւ հասարակությանը:

Կանաչների կուսակցության նախագահը նշեց, որ իրենց չակտիվանալու պատճառներից մեկն էլ ֆինանսական միջոցների սղությունն է եւ իրենք, ի տարբերություն իշխանությունների, գործարար կուսակցականներ չունեն: Արմենակ Դովլաթյանն ընդգծեց նաեւ,  որ արտագաղթողների մեծ մասը ընդդիմության ներկայացուցիչներն են եւ ամեն օր պակասում է այն մարդկային, որակյալ ուժը, որով կարող ես աշխատել եւ կռվել:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am