Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը Երեւանի քաղաքապետարանին առաջարկում է իրեն վաճառել երթուղային տրանսպորտի բոլոր գծերը: Այս մասին նա նշեց այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Ես պատրաստ եմ գնել այդ գծերը եւ գծատերերին ազատել իրենց բեռից, պարտքերից եւ իմ վրա վերցնել բոլոր պարտականությունները: Մեկ դրամով ամեն գիծը առնում եմ, բայց բոլոր պարտականությունները վերցնում եմ իմ վրա: Գինը մնալու է 100 դրամ, բայց ես կապահովեմ որակյալ տրանսպորտ: Ինչու մեկ դրամ, որովհետեւ ասում են պարտքի տակ են, լացում են, թե վնասով են աշխատում ես էլ իրենց այդ վնասից այդ կերպ ազատում եմ»,- նշեց Արմենակ Դովլաթյանը:
Անդրադառնալով պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման խնդրին, նա ասաց, որ ինքը դրան դրական է վերաբերում: Ավելին՝ նա նշեց, որ դա այն չնչին մասն է, որը պետք է կատարվի մեր երկրում:
«Ոչ միայն պաշտոնյաների աշխատավարձը պետք է բարձրանա, այլ բոլոր աշխատող մարդկանց: Մեկ շաբաթից մեկնում եմ Բրյուսել, լինելու եմ նաեւ Փարիզում: Ես շատ հաճախ մեր գները համեմատում եմ Փարիզի գների հետ, բայց մեր աշխատավարձերը անհամեմատելի են: Այնտեղ, օրինակ, տաքսու վարորդը 8 ժամից ավելի իրավունք չունի աշխատել, հաշվիչի վրա հետհաշվարկ կա դրված: Այնինչ` մեզ մոտ գիշեր-ցերեկ աշխատում են ու որակյալ աշխատանք ենք պահանջում, այն էլ չնչին աշխատավարձով»,- նշեց Արմենակ Դովլաթյանը, ինչպես նաեւ կարեւորեց արհմիությունների դերը, որ վերականգնվեն աշխատողների ոտնահարված իրավունքները:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























