ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 25-րդ նստաշրջանի այսօրվա օրակարգում 2013 թվականի մայիսի 5-ին Երեւանի ավագանու անդամների ընտրության վերաբերյալ զեկույցն է, այս առնչությամբ պետք է ընդունվի բանաձեւ եւ հանձնարարական, հաղորդում է Aravot.am-ը:
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որի կազմում 6 խմբեր էին՝ Մեծ Բրիտանիայի պատվիրակ Ստյուարտ Դիքսոնի ղեկավարությամբ, դիտարկում էր իրականացրել Երեւանի ավելի քան 100 ընտրական տեղամասերում:
Բանաձեւի նախագծում Կոնգրեսը մասնավորապես գոհունակություն է հայտնել, որ իրենց որոշ հանձնարարականներ, որոնք արվել էին 2012 թվականի սեպտեմբերի 9-ին եւ 23-ին կայացած ընտրությունների դիտարկման ընթացքում, արդեն հաշվի են առնվել մայիսի 5-ի ընտրություններում:
Հանձնարարականի նախագծի 6-րդ կետում Կոնգրեսը գոհունակությամբ նշում է, որ Երեւանի ավագանու ընտրությունները «Ընդհանուր առմամբ տեխնիկապես լավ նախապատրաստված էին, անցկացվել են կազմակերպված եւ համապատասխանել են ԵԽ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների կողմից մշակված՝ ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին համապատասխան»:
Նշվում է նաեւ, որ 2009 թվականին իրենց տված հանձնարարականի համաձայն՝ առաջընթաց է արձանագրվել մասնավորապես ԿԸՀ-ում եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում կուսակցականից անկուսակցական մոդելի անցման առումով: Ըստ այս փաստաթղթի՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմը ավելի շատ հնարավորություններ էր ընձեռում, որ ընտրություններում թեկնածուները մեկը մյուսի նկատմամբ իրականացնեին վերահսկողություն:
Դրական է համարվել նաեւ այն, որ 2012-ին արված հանձնարարականի համաձայն՝ սահմանափակվել է այն անձանց քանակը, որոնք կարող են միաժամանակ ներկա գտնվել ընտրական տեղամասում:
Միեւնույն ժամանակ՝ Կոնգրեսը փաստաթղթի 7-րդ կետում նշում է լուծման կարոտ խնդիրներ: Մասնավորապես՝ խոսվում է այն քաղաքացիների մասին, որոնք արդեն չեն ապրում Երեւանում, բայց մնում են ընտրացուցակներում եւ սա դիտվում է հնարավոր չարաշահումների աղբյուր:
Խնդրահարույց է համարվում ընտրատեղամասերում տեսախցիկների առկայությունը, նկարահանումների ակտիվ գործընթացը եւ տեղական դիտորդների մեծ քանակը: Շեշտադրված է նաեւ ընտրատեղամասերում բջջային հեռախոսների օգտագործումը՝ հատկապես ձայների հաշվարկի ժամանակ:
ԵԽ Կոնգրեսի պատվիրակությունը տեղեկացվել է ճնշումների մասին, որոնք իրականացվել են պետական ծառայողների կողմից, որպեսզի ընտրողները քվեարկեն որոշակի ձեւով, եւ դարձյալ լսել են պնդումներ ընտրակաշառքի մասին:
Այս ամենը հաշվի առնելով՝ Կոնգրեսը փաստաթղթի 8-րդ կետում կոչ է անում Հայաստանի իշխանություններին՝ նախ հստակեցնել Ընտրական օրենսգիրքն այն առումով, որ բնակության վայրը դիտվի իբրեւ տեղական մակարդակով քվեարկության իրավունքի համար նախապայման:
Օրենսգրքում առաջարկվում է փոփոխել նաեւ այն դրույթները, որոնք վերաբերում են տեղական դիտորդների, վստահված անձանց եւ լրատվամիջոցների՝ ընտրատեղամասերում նկարահանման հնարավորությանը. «Որպեսզի դադարեցվեն քվեարկության օրը ակտիվ նկարահանումները, ինչը կարող է առաջացնել ընտրողների անվստահությունը՝ խիստ վերահսկվող ընտրական գործընթացի առնչությամբ»:
Առաջարկվում է նաեւ սահմանափակել ձայների հաշվարկի ընթացքում բջջային հեռախոսների օգտագործման հնարավորությունը՝ ընտրական գործընթացի խոչընդոտման պրակտիկան բացառելու համար:
Եվ փաստաթղթի 10-րդ կետն է. «Կոնգրեսը համոզված է, որ թեեւ Հայաստանի Ընտրական օրենսգիրքը կարող է ապահովել ժողովրդավարական ընտրությունների անցկացումը, բայց միայն օրենսդրությունն այն չի կարող երաշխավորել»:
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ Aravot.am կայքում





























