Հայաստանում գործազրկության նպաստի վճարման կարգը պետք է 70%-ով վերանայել: Այս մասին այսօր՝  հոկտեմբերի 30-ին, հայտարարել է Հայաստանի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Ըստ նրա՝ նպաստը հիմնականում ստանում են դրա կարիքը չունեցող մարդիկ: 

«Նպաստ ստացողը պարզ հաշվարկ է անում. այժմ նա ամսական ստանում է 18 հազար դրամ նպաստ: Եթե աշխատի նվազագույն աշխատավարձով, ապա տրանսպորտի եւ ընդմիջման ծախսերից հետո իրեն նույնքան կմնա: Այդ պատճառով էլ նա աշխատելու մեջ  իմաստ չի տեսնում», – ասել է Մակարյանը:

Ըստ նրա՝ նախաձեռնողականության բացակայության մյուս օրինակը բիզնեսի կազմակերպման համար Զբաղվածության պետական գործակալության թրեյնինգներն են:  «Գործակալությունը թրեյնինգներ է անցկացրել մինչեւ 250 ժամ, իսկ մասնակիցներին թոշակ է վճարվել: Շատերը եկել են այդ թոշակի համար, զբաղեցրել ուրիշի տեղը, իսկ  դասընթացների ավարտից հետո, պարզապես հեռացել են: Այդ պատճառով էլ, այդ գումարը 70%-ով պետք է վերանայել», – նշել է Մակարյանը:

Նա հավելել է, որ ինչ վերաբերում է նվազագույն աշխատավարձի աճին, այստեղ այլ խնդիրներ են ծագում: Եթե, ինչպես ծրագրում է կառավարությունը, առաջիկա տարիներին նվազագույն աշխատավարձը հասնի մինչեւ 70 հազար դրամի, ապա բիզնեսը՝ հատկապես փոքրը եւ միջինը, կարող է  բարդացնել աշխատանքի ընդունման ընտրությունը եւ ավելացնել աշխատակիցների ծանրաբեռնվածությունը: «Այժմ այդպես չեն վարվում, մտածելով, որ 40-50 հազարի դիմաց աշխատողից ավելին չի կարելի պահանջել: Իսկ 70 հազարն արդեն շոշափելի թիվ է», – եզրակացրել է Մակարյանը: