Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ)տասներորդ վեհաժողովը մեծ ուշադրություն կհատկացնի Սիրիայում եւ ընդհանրապես Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների խնդիրներին։ Այս մասին հոկտեմբերի 30-ին վեհաժողովի բացման խոսքում հայտարարել է ԵՀԽ-ի գլխավոր քարտուղար Օլաֆ Թվեյթը։
Նա նշել է, որ Դամասկոսը մի ժամանակ ԵՀԽ-ի տասներորդ վեհաժողովի անցկացման այլընտրանքային վայր էր համարվում։ Սակայն ընտրվեց Պուսանը, եւ տարբեր երկրների մոտ 350 եկեղեցիներից 760-ից ավելի պատվիրակներ են ժամանել Կորեական թերակղզի՝ մասնակցելու ԵՀԽ-ի վեհաժողովին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
ԵՀԽ վեհաժողովի լիագումար նիստին նախորդել է խաղաղության եւ արդարության համար աղոթքը, որն ուղեկցվել է հանդիսավոր արարողակարգով եւ երաժշտությամբ։
Աղոթողներից ոմանք գլխներին մոխիր են լցրել՝ ի նշան երկրի տարբեր անկյուններում տառապող մարդկանց վշտակցության։
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը ստեղծվել է 1948թ.` որպես էկումենիկ շարժման ղեկավար մարմին՝ երեք բողոքական շարժումների ձուլման ճանապարհով: Այն միավորում է շուրջ 350 եկեղեցի եւ կրոնական տարբեր համայնքներ` աշխարհի 100 երկրներում, եւ այդպիսով ներկայացնում է շուրջ 400 միլիոն քրիստոնյաների շահերը:
ԵՀԽ-ի կազմում են Ռուսական եւ այլ ուղղափառ եկեղեցիները` բացառությամբ Վրացականի եւ Բուլղարականի, պատմականորեն ձեւավորված Բողոքական եկեղեցիների երկու տասնյակ կրոնական համայնքներ: ԵՀԽ-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Ժնեւում: Վեց-յոթ տարին մեկ տեղի ունեցող գլխավոր վեհաժողովը ԵՀԽ-ի գերագույն ղեկավար մարմինն է: Պուսանի վեհաժողովը կտեւի մինչեւ նոյեմբերի 8-ը:





























