Հայաստանի կառավարության ընդունած N 968-Ն որոշման համաձայն նոյեմբերի 1-ից, 2013 թ-ին ավելացված արժեքի հարկ վճարող համարվող հարկ վճարողները պետք է ունենան տեխնիկական հավելյալ հնարավորություններով (ինտերնետ կապի հնարավորությամբ) հսկիչ դրամարկղային մեքենաներ, որի վաճառքի մենաշնորհը նույն կառավարությունը N 692-Ն որոշմամբ տվել է Պետական եկամուտների կոմիտեի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։
Որոշման մեջ նշված է, որ ՊՈԱԿ-ը 2012 թվականի արդյունքներով 500.0 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) եւ ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողներին թայվանական «ՄիԹԱՔ Ինֆորմեյշն Թեքնոլոջի» ընկերության («MiTAC Information Technology Corp») արտադրած, MS-2351 մոդելի բազմաֆունկցիոնալ հսկիչ-դրամարկղային մեքենաների իրացման գին սահմանել առավելագույնը մինչեւ 400,0 հազ. դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը): ՊԵԿ-ի ՊՈԱԿ-ն էլ ՀԴՄ-ի համար այժմ սահմանել է 369.600 դրամ գին։
ՊՈԱԿ-ի կողմից նման գին սահմանելու մասին NEWS.am-ին տեղեկացրեց «ԱՆՏԱՐԵՍ» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, ով պարտադրված պետք է գնի 4 ՀԴՄ սարք՝ 1.478.400 դրամ ընդհանուր արժողությամբ։
«Սա տարեվերջյան կանխամտածված թալան է։ Պարզաբանում չկա, թե ինչո՞ւ են ՊԵԿ-ի ՊՈԱԿ-ին մենաշնորհ տվել կառավարության որոշումով, կամ որոշման մեջ նշված է, որ 500 մլն ավելի հասույթ ունեցող ընկերություններին վաճառեք մոտ 400 հազար դրամով, ավելի պակաս հասույթ ունեցողների համար զեղչ կատարվի, բայց զեղչի չափ չի սահմանված, այսինքն՝ տարեվերջում 500 մլն հասույթով ընկերություններին են թալանում, որ հաջորդ տարի մինչեւ հուլիսի 1-ը մյուս բոլոր ընկերություններին թալանեն»,- ասաց Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ չինական նմանատիպ հնարավորություններով սարք կարելի է ներմուծել մոտ 12000 դրամով։ Կամ GPRS-ով ՀԴՄ երեւանյան խանութներում վաճառվում է 75 հազար դրամով։
Նշենք, որ N 846-Ն որոշման մեջ Կառավարությունը 10-ից ավելի էջերում շարադրել է ՀԴՄ-ների համար նախատեսվող տեխնիկական նորամուծություններ, սակայն մինչեւ այդ որեւէ բացատրություն, որը պետք է «լույս սփռեր» ՀԴՄ-ների փոփոխության հույժ կարեւոր խնդրի վրա հայտնի չէ։ Նույն կերպ հայտնի չէ, թե Կառավարությունը ինչի հիման վրա է շրջանցում գնագոյացումը, եւ ոչ ադեկվատ հրամանով ոգեւորում ՊՈԱԿ-ին սահմանել առավելագույնը 400 հազար դրամ։
Նշենք, որ ավելի վաղ Արմեն Մարտիրոսյանը հայտնել էր NEWS.am-ին, որ ՊՈԱԿ-ը զեղչի համար դիմողներին հետ է ուղարկում, ասելով, որ զեղչը դեռ սահմանված չէ։
Մարտիրոսյանը նաեւ համոզմունք է հայտնել, որ Կառավարության որոշմամբ՝ տնտեսվարողներին պարտադրվող նոր՝ 369.600 դրամ արժողությամբ ՀԴՄ-ները լուրջ հարված կհասցնեն փոքր բիզնեսին, այդ թվում՝ հրատարակչությանն ու գրավաճառներին։





























