Բյուջետային հայտը չբավարարելու պարագայում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կփակի արագ արձագանքման ծառայությունը; Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Նրա տեղեկացմամբ՝ 244 մլն դրամի հայտ են ներկայացրել, սակայն բյուջեում 2014 թ. նախատեսել են 213 մլն դրամ: Դա նշանակվում է, որ 6 մարզային գրասենյակներից կպահպանվեն 3-ը, ու կփակվի արագ արձագանքման ծառայությունը: Ըստ Կ. Անդրեասյանի՝ արագ արձագանքման ծառայության համար անհրաժեշտ է 10 մլն դրամ (3 հաստիք): « Այս ծառայությունը 2013 թ. ընթացքում գիշեր-ցերեկ 1025 ահազանգ է ստացել, 273-ում արագ արձագանքել է՝ ցույցեր, երթեր, կոնֆլիկտներ, կալանավայրերում դեպքեր, երբ կալանավորը փորձել է վնասել իրեն, մի շարք դեպքերում կանխել են ոստիկանության բաժանմունքում բռնությունը, զորամասերում կանխել են ապօրինություններ»,- ասաց Կ. Անդրեասյանը:

Նա նաեւ հայտարարեց, որ ՄԻՊ գրասենյակը հրաժարվել է դրամաշնորհներից՝ անկախությունը պաշտպանելու նպատակով: