Ֆինանսների նախարարությունից հերքում են նախարար Դավիթ Սարգսյանի՝ ԱԱԾ կանչվելու եւ հարցաքննվելու մասին լուրերը: Նախարարի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց հետեւյալը. «Գործադիր իշխանությունում աշխատանքի տարիներին իրավապահ մարմիններին տեղեկություն տրամադրելու առիթներ եղել են՝ տարբեր գործերով: Սակայն գրանտային որեւէ ծրագրի բաշխման կամ նման այլ գործերի առնչությամբ նախարարի հարցաքննության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»:

Նշենք, որ «ՉԻ»–ն գրել էր, թե Հայաստանի Հանրապետությանը տրված խոշոր գրանտային ծրագրերի բաշխման գործընթացը իրականացնում է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը։ «Ընդ որում, սույն պաշտոնյան այդ գործի վրա է դեռեւս այն ժամանակվանից, երբ զբաղեցնում էր Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Մենք տեղեկացրել էինք, որ բավականին լուրջ դժգոհություններ կան հատկապես տեղեկատվական ոլորտի զարգացման դրամաշնորհների բաշխման գործընթացից։ Բանն այն էր, որ նախարարը ծրագրերում ընդգրկում էր յուրայիններին՝ իրական մրցակցությունից դուրս թողնելով այն ընկերություններին, որոնք կարող էին շահել դրամաշնորհը։

«ՉԻ» տեղեկություններով՝ օրերս Դավիթ Սարգսյանը կանչվել է ԱԱԾ հարցաքննության՝ կապված հենց գրանտային ծրագրերի բաշխման գործընթացի հետ։ Մենք տեղեկություններ ունենք, որ նախարարի գործունեության այս դրվագով կասկածներ են առաջացել եւ նա կանչվել է ցուցմունք-բացատրություն տալու։

Ի դեպ՝ մեր աղբյուրը նշեց, որ այս գործով իրար է խառնվել նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի հանկարծ առերեսում չկայանա իր նախարարի եւ այն անձնավորության միջեւ, որը գործով կարող է արժեքավոր ցուցմունքներ տալ»,- գրել է «Չորրորդ իշխանությունը»: