Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական կայք էջում զետեղվել է նոր տեղեկատվություն Սիրիայի Արաբական Հանրապետությունում հոկտեմբերի 17-ին 22 երեխայի մոտ սուր թորշոմած կաթվածահարության (ՍԹԿ) խմբակային հիվանդացման վերաբերյալ։

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե կատարվել է 10 երեխայի լաբորատոր հետազոտություններ, որոնց արդյունքներով բոլորի մոտ հայտնաբերվել է առաջին տիպի վայրի պոլիովիրուս (WPV1): Վերջնական գենետիկ հետազոտության արդյունքում կպարզվի, թե անջատված վիրուսները որտեղից են ներկրվել: Հիվանդ երեխաների մեծ մասը մինչեւ 2 տարեկան է։ Նրանք պատվաստված չեն պոլիոմիելիտի դեմ կամ թերի են պատվաստված: Պոլիոմիելիտի դեմ պատվաստումներում ենթակա երեխաների ընդգրկման հաշվարկային ցուցանիշը Սիրիայում  2010 թվականի 91 %-ից մինչեւ 2012 թվականը նվազել է` դառնալով 68%: Ի դեպ, Սիրիայի Արաբական Հանրապետությունում 1999 թվականից ի վեր վայրի պոլիովիրուսներ չէին հայտնաբերվել:

Դեռ մինչեւ վարակի լաբորատոր հաստատումը Սիրիայի եւ հարեւան երկրների առողջապահության ոլորտի ներկայացուցիչները բռնկման արագ արձագանքման համապարփակ հակահամաճարակային միջոցառումներ էին պլանավորվում: Հոկտեմբերի 24-ից Սիրայում սկսվել է լայնամասշտաբ լրացուցիչ պատվաստումների կամպանիա, որի ընթացքում մոտ 1.6 միլիոն երեխա պետք է պատվաստվի պոլիոմիելիտի, կարմրուկի, կարմրախտի եւ խոզուկի դեմ:

Սիրիայի ողջ տարածքում եւ հարեւան երկրներում նոյեմբերի սկզբներին մեկնարկելու է լայնածավալ պատվաստումների կամպանիա, որը նախատեսվում է ավարտին հասցնել վեց կամ ութ ամսվա ընթացքում՝ կախված համաճարակային իրավիճակի զարգացումից:

Նկատի ունենալով Սիրիայի քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ներկայիս ծանր իրավիճակը, եւ պոլիոմիելիտի դեմ պատվաստումներում ցածր ընդգրկվածության արդյունքում խոցելի խմբերի առկայությունը, ինչպես նաեւ բնակչության ակտիվ տեղաշարժը՝ առաջին տիպի վայրի պոլիովիրուսների հետագա միջազգային տարածման վտանգը շատ բարձր է:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը Առողջապահության համշխարհային կազմակերպությունը բոլոր ճանապարհորդներին խորհուրդ է տալիս պոլիոմիելիտով ախտահարված տարածքներ մեկնելիս կամ  այդ տարածքներից ժամանելիս պատվաստվել պոլիոմիելիտի դեմ: