Թբիլիսիի քաղաքային դատարանը հոկտեմբերի 31-ին արդարացնող վճիռ է կայացրել Վրաստանի նախկին ներքին գործերի եւ պաշտպանության նախարար Բաչո Ախալայայի նկատմամբ՝ ՆԳՆ հատուկ ջոկատի յոթ աշխատակիցների գործով:
Քննության վարկածով՝ նախորդ տարի Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին այն ժամանակվա ՆԳ նախարար Բաչո Ախալայան իբր յոթ հատուկ ջոկատայինների հեռացրել էր այն բանի համար, որ վերջիններս համակրում էին ընդդիմությանը, դրանից հետո պահանջել էր վերջիններիս համար «որակավորումը բարձրացնելու» զորավարժանքներ անցկացնել: Աշխատակիցներին տարել էին զորավարժարան, պոկել ուսադիրները, մերկացրել եւ ստիպել վազել, առանց կանոնների մարտի բռնվել, հետո կրակել էին նրանց ոտքերի տակ եւ գլխավերեւում, ծեծի էին ենթարկել, հայտնում է «Նովոստի Գռուզիան»:
Նշենք, Ախալայային մեղադրանք էր ներկայացվել չորս քրեական գործերով, որոնք վերաբերում էին տարբեր պաշտոններ զբաղեցնելու տարիներին:
Հոկտեմբերի 28-ին Ախալայան մեղավոր էր ճանաչվել 2006թ. բանտային ցույցի ընթացքում բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համար եւ 3 տարի, 9 ամիս կալանքի դատապարտվել:
Ավելի վաղ նա դատապարտվել էր զինծառայողներին ստորացնելու գործով:
2006թ. «Վրաստանի միացյալ բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով քննությունը շարունակվում է:





























