47-ամյա Արմեն Մանուկյանը դույլով եւ սրճեփով հարվածելով՝ ծեծել է նախկին կնոջը, իսկ կինն էլ տաք սուրճը լցրել է նրա վրա: Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 47-ամյա Արմեն Մ.-ն այս տարվա հուլիսի 11-ին, ժամը 06:15-ի սահմաններում, Երեւանի իր բնակարանում դույլով եւ սրճեփով հարվածելով՝ ծեծել է նախկին կնոջը՝ Նունե Մ.-ին ու նրան պատճառել ինչպես ֆիզիկական ցավ, այնպես էլ աջ արմկահոդի շրջանի արյունազեղման եւ գագաթային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի ձեւով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Նրա դեմ քրեական գործ է հարուցվել 118 հոդվածի հատկանիշներով (ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը 100-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով:

Իսկ նրա կնոջը՝ Նունե Մ-ին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա սրճեփով լի տաք սուրճը դիտավորությամբ լցրել է Արմեն Մ.-ի աջ ոտնաթաթին եւ դրա թիկնային մակերեսի վերնամաշկից զուրկ տեղամասի ձեւով վերջինիս առողջությանը պատճառելով թեթեւ վնաս՝ առողջության կարճատեւ քայքայումով:  Նրա դեմ էլ քրեական գործ է հարուցվել 117 հատկանիշներով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 50-100 պատիկի չափով: Նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրվել է բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Գործը դատարան է ստացվել հոկտեմբերի 31-ին: Առաջիկայում կնշանկվի դատական քննության օրը: