Օրերս «Իրավունքի» հետ զրույցում սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի որդու՝ Դավիթի պաշտպանությունն իրականացնող հանրային պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանը նշել էր, որ Դավիթը հայերեն կրթություն չունի, բայց ունի օտարերկրյա բարձրագույն կրթություն։ «Հայերեն գրավոր լեզվին եւս չի տիրապետում՝ չի կարողանում կարդալ, գրել»։ Այս մասին հիշեցնում է թերթը եւ հավելում. «Եվ ահա նախօրեին ԱԺ-ում նախարարը բավական կոշտ էր արտահայտվել պաշտպանի այդ պնդմանը. «Հանրային պաշտպանը գլուխը քարին է տվել»։

Պաշտպանն էլ իր հերթին, մեկնաբանելով նախարարի հայտարարությունը, կրկնել էր մոտավորապես այն, ինչ մեզ էր տեղեկացրել։
Այս ամենից հետո, երբ հաջողվեց կապվել պարոն Վարդանյանի հետ, փորձեցինք ճշտել, թե չի՞ պատրաստվում հանրային պաշտպանից ներողություն խնդրել։ Սակայն նախարարի պատասխանն առնվազն զարմանք հարուցեց. «Ռաֆիկ Սաֆարյանը իմ որդու պաշտպանը չէ, նա, ով հայտարարում է, որ որդիս հայերեն չգիտի եւ այլն, եւ այլն, նա իմ որդու պաշտպանը չէ»։ 

Սրա հետ կապված՝ երեկ մեզ տված հանրային պաշտպան Ռ. Սաֆարյանի բացատրությունը շատ պարզ էր. «Մինչեւ երեկ ես էի Դավիթի պաշտպանը, բայց երեկ երեկոյան նրանք դիմում են գրել եւ հրաժարվել հանրային պաշտպանից։ Բայց ինձ դեռ պաշտոնապես դրա մասին չեն տեղեկացրել։

«Նրանք» ասելով, թերեւս, պարոն Սաֆարյանը նկատի ունի նախարարին, քանի որ նրա որդին՝ Դ. Վարդանյանը ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով է (համենայնդեպս` այդպես է ներկայացվել), որ փաստաբան վարձել չէր կարողացել, եւ նրան տրամադրվել էր հանրային պաշտպան։ Ուրեմն, նմանվում է նրան, որ պարոն Վարդանյանը, այնուամենայնիվ, փորձում է օգնել որդուն, թեեւ փաստաբան վարձելը միանգամայն օրինական օգնություն է»,-մեջբերում է «Իրավունքը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):