Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն հոկտեմբերի 31-ին ազդարարել է համաքաղաքացիների ավելորդ քաշի դեմ պայքարի ծրագրի մեկնարկը:

Նախագահը հայտարարել է, որ միլիոնավոր մեքսիկացիների կյանքը վտանգված է: «Մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել ավելորդ քաշի եւ ճարպակալման  իսկական համաճարակի պայմաններում»,– ընդգծել է  Նյետոն:

 Նյետոն, որն անձամբ ավելորդ քաշի խնդիր չունի, մեքսիկացիներին կոչ է արել օրական նվազագույնը մեկ ժամ ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել, օրինակ՝ դուրս գալ զբոսանքի, գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:

Ճարպակալման դեմ պայքարի ծրագրի շրջանակում Մեքսիկայի խորհրդարանը հավանություն է տվել բարձր կալորիականությամբ սննդի եւ գազավորված ըմպելիքների  համար լրացուցիչ հարկեր սահմանելու նախագծին: 100 գրամում 275 կկալ-ից ավելի պարունակող մթերքները կհարկվեն ութտոկոսանոց հարկով, իսկ քաղցրահամ ըմպելիքների յուրաքանչյուր լիտրի համար 1 պեսո (8 ցենտ) կգանձվի:

Նոր օրենքին համապատասխան՝ կառավարությունը օգտակար մթերքների վրա «սննդային արժեք» կնիք կդնի, որպեսզի բնակիչներն իմանան՝ ինչ են գնում:

Մեքսիկայում տասը բնակիչներից յոթը կամ ավելորդ քաշ ունեն, կամ ճարպակալման խնդիր: Ավելորդ քաշով մարդկանց թիվը Մեքսիկայում գերազանցել է ԱՄՆ-ի ցուցանիշը: