Յուրի Վարդանյանի՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող որդին՝ Դավիթ Վարդանյանը, հոկտեմբերի 29-ին դիմում է գրել եւ հրաժարվել հանրային պաշտպանի ծառայություններից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դավիթ Վարդանյանի արդեն նախկին հանրային պաշտպանը՝ Ռաֆիկ Սաֆարյանը:
Նա նշեց, որ ինքը դիմումի մասին տեղեկացել է երեկ, հանրային պաշտպանի ծառայություններից հրաժարվելու որեւէ պատճառաբանություն չի նշվել: Պարզապես նախարարի որդին որոշել է օգտվել փաստաբանի վճարովի ծառայություններից: Ռաֆիկ Սաֆարյանը վստահեցրեց, որ Դավիթ Վարդանյանը իրենից որեւէ դժգոհություն չպետք է ունենա, մինչդեռ ինքը վիրավորված է նախարարի՝ «պաշտպանը գլուխը քարին է տվել» արտահայտությունից: «Շատ վիրավորված եմ, եթե օրինավոր մարդ է, պետք է ներողություն խնդրի, սպասում եմ, որ անպայման ներողություն խնդրի, ինքն իր սխալը կզգա եւ անպայման դա կասի: Ես որեւէ վատ, սխալ բան չեմ ասել, այն, որ ինքը հայերենին լավ չի տիրապետում, դրա վերաբերյալ կա նաեւ քննիչի որոշումը»,- ասաց Ռաֆիկ Սաֆարյանը:
Իսկ թե նախկինում գումար չունեցող նախարարի որդին այժմ որտեղից է գումար գտել փաստաբանի ծառայություններից օգտվելու համար, պաշտպանը չգիտեր:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հ 2013թ հոկտեմբերի 13-ին ՔՕ-ի 268-րդ հոդվածի 3-րդ մասի (առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի շրջանառությունը, պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով:) եւ 215 հոդվածի 2-րդ մասի (մաքսանենգություն, պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ) հատկանիշներով ոստիկանության Սյունիքի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրգործ: Հոկտեմբերի 15-ին մեղադրանք է առաջադրվել Դավիթ Վարդանյանին եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հոկտեմբերի 16-ին քրեական գործը ընդունվել է վարույթ քննչական գլխավոր վարչության ՀԿԳ գլխավոր վարչությունում: Նախաքննությունը շարունակվում է:
Հարցին, թե իրոք իր որդին հայերեն չգիտի՞, ինչպես պնդում է նրա պաշտպանը, Յուրի Վարդանյանը բարկացել էր եւ ասել. «Պաշտպանը գլուխը քարին է տալիս»:





























