Վրաստանի ու Իսրայելի միջեւ վիզային ռեժիմը հանելու սկզբունքային որոշում է ընդունվել: Այս մասին հայտարարել է Իսրայելի փոխարտգործնախարար Զեեւ Էլկինը վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ Թբիլիսիում կայացած հանդիպումից հետո:
Զեեւ Էլկինը լրագրողներին հայտնել է, որ տեխնիկական մանրամասները կքննարկվեն Վրաստանի ՆԳ նախարար Իրակլի Գարիբաշվիլիի հետ:
Ավելի ուշ Իրակլի Գարիբաշվիլին Իսրայելի հետ վիզային ռեժիմը հանելու որոշումը պատմական է անվանել:
Իր հերթին Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն նշել է, որ սա չի նշանակում, թե Վրաստանի քաղաքացիները կարող են վաղն եւեթ առանց վիզայի մեկնել Իսրայել: Ըստ նրա՝ սա նշանակում է, որ այդ ուղղությամբ բանակցությունների առաջին քայլն արված է, փոխանցում է «Գռուզիա Online»-ը:
«Շատ շուտով ուժի մեջ կմտնի ծառայողական եւ դիվանագիտական անձնագրով անձանց համար առանց վիզայի ռեժիմի վերաբերյալ համաձայնագիրը, եւ բանակցությունները կշարունակվեն՝ շարքային քաղաքացիների վրա էլ դրա ազդեցությունը տարածելու նպատակով: Սա մի քանի ամսվա գործընթաց է», - հայտարարել է Մայա Փանջիկիձեն:





























