ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին խոստովանել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները հետախուզական գործունեության ընթացքում որոշ դեպքերում իրավաչափ չեն գործել, ասված է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում:
«Վստահեցնում եմ, այդ գործընթացի արդյունքում անմեղ մարդիկ չեն տուժել, սակայն տեղեկություններ հավաքելու փորձ եղել է: Այո, որոշ դեպքերում դա շատ հեռու է գնացել եւ ոչ իրավաչափ բնույթ է կրել», - Վաշինգտոնից տեսակապով հայտարարել է Քերրին՝ Լոնդոնում ընթացող Open Government Partnership խորհրդաժողովի շրջանակում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Միաժամանակ նա նշել է, որ ամերիկյան հետախուզության գործողությունների մասշտաբների մասին տեղեկությունները լրագրողները խիստ չափազանցնում են: Մասնավորապես, Քերրին հայտարարել է, որ 70 մլն մարդու գաղտնալսելու լուրը չի համապատասխանում իրականությանը:
Եվրոպայում լրտեսական սկանդալը ծագել էր հոկտեմբերին մի շարք թերթերի հրապարակումներից հետո, որոնք հիմնվել էին ԿՀՎ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի տրամադրած նյութերի վրա: Ըստ դրանց՝ ԱՄՆ-ի ԱԱԳ-ն եւ ԿՀՎ-ն լրտեսել են ոչ միայն շարքային մահկանացուներին, այլեւ առնվազն 35 պետությունների առաջնորդներին:





























