Արդեն երկու օր է ոստիկանությունում լարված խորհրդակցություններ են անցկացվում՝ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ: Ընդ որում ղեկավար կազմի եւ առանձին ծառայությունների ղեկավարների հետ առանձին-առանձին:

Ըստ ոստիկանության մեր աղբյուրների, սրանք սովորական խորհրդակցություններ չեն, պարզապես դժգոհությունների տեղատարափ, որոնց ընթացքում Գասպարյանը ակնարկում է հնարավոր պաշտոնանկությունների մասին, ոմանց էլ՝ պարզ ասում: Թերեւս այս պատճառով էլ այդ փակ հանդիպումներից բարձրաստիճանները դուրս են գալիս գունատված:

Ըստ մասնակցիներից մեկի՝ Գասպարյանը դժգոհություններ է հայտնել իրեն յուրահատուկ տոնայնությամբ ու ոճով իր նախկին ցուցումներն ու մոտեցումները ի կատար չածելու կամ լավագույն դեպքում դանդաղ տեմպերով կատարելու կապակացությամբ:

Եւ այսպես NEWS.am-ին հաջողվեց ճշտել, որ այսօրվա ընթացքում պաշտոնանկ կարվեն մի շարք վարչությունների եւ բաժնի պետեր: Առայժմ մեզ հայտնի է դարձել Աբովյանի բաժնի պետի պաշտոնանկության մասին, ում փոխարեն ամենայն հավանականությամբ կնշանակվի Կենտրոնի նախկին պետ Սերոբ Հարությունյանը, ով պաշտոնանկ եղավ այս տարվա հուլիսին եւ այս ամիսներին գտնվում էր կադրային ռեզերվում: Իհարկե նրա նշանակումը ուշագրավ է մեկ այլ հանգամանքով նաեւ: Նա Վլադիմիր Գասպարյանի կադրն է համարվում, համակարգ է եկել նրա հետեւ այս երկու տարվա ընթացքում հասցրել է զբաղեցնել մի քանի բարձր պաշտոններ:

Սերոբ Հարությունյանի Աբովյան գործուղվելը նշանակում է, որ Գասպարյանը գոհ չէ նաեւ Ծառուկյանի տարածքում իրականացվող ծառայությունից ու ավելի է ուժեղացնում հսկողությունը: Ոստիկանությունից նշում են, որ պաշտոնանկ կարվի նաեւ Կոտայքի մարզի ոստիկանապետ Գրիշա Բադալյանը: