«Կանազի» կայազորային կլինիկական հոսպիտալում տեղի ունեցած միջադեպի առթիվ ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը նշեց, որ դրանք դեռ չեն ուղարկվել իրենց մոտ:
Հայտնի չէ, թե ինչ ընթացք կստանա նախաքննությունը, այսինքն՝ քրեական գործ կհարուցվի, թե նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը կմերժվի:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ի երեկոյան կայազորային կլինիկական հոսպիտալում երկու զինվորներ, որոնք գտնվել են ստացիոնար բուժման մեջ, վիճաբանություն են սկսել նույն բաժանմունքի զինվորների հետ, որը վերաճել է ծեծկռտուքի: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Վերջինիս խոսքով, զինվորները հարձակվել են նաեւ հերթապահ բժշկի վրա, այնուհետեւ դիմել փախուստի: «ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցները եւ ՊՆ համապատասխան պաշտոնյաները տեղում են իրականացնում են համապատասխան աշխատանքներ: Այս պահին ամեն ինչ վերահսկողության տակ է, խնդրում ենք չճշտված տեղեկություններ չտարածել»,- նշել է Հովհաննիսյանը: Փախուստի դիմած 4 զինծառայողներն էլ երեկ հայտնաբերվել են:





























