Ազգայնականների «Ռուսական երթ» ակցիան մեկնարկել է Մոսկվայի Լյուբլինո թաղամասում: Միջոցառմանը մասնակցում են  տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ «Ռուսկիե» շարժումը, չգրանցված Ազգային-դեմոկրատական կուսակցությունը,  կազակների միավորումները, ինչպես նաեւ ֆուտբոլի երկրպագուները: Նախատեսվում է, որ երթին հաջորդելիք հանրահավաքում ազգայնականները կհրապարակեն ընդհանուր ծրագիրը: Հանրային կարգուկանոնի խախտումներ չեն գրանցվել: «Մասնակցում է շուրջ 8 հազար մարդ», - հայտնել են Մոսկվայի ՆԳՆ  ԳՎ-ի մամուլի ծառայությունից, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Ռուսական երթը» ռուս ազգայնականների ամենամյա երթն ու հանրահավաքն է  Ռուսաստանի տարբեր քաղաքներում, ինչպես նաեւ ԱՊՀ երկրներում: Միջոցառումը նվիրված է  նոյեմբերի 4-ին՝ Ժողովրդական միասնության օրվան:

Նոր Ռուսաստանի պատմության մեջ Մոսկվայում առաջին անգամ ազգայնականների զանգվածային երթը տեղի էր ունեցել 2005թ. նոյեմբերի 4-ին` Ժողովրդական միասնության տոնն ընդունելուց մեկ տարի անց:  Երթը կայացել էր քաղաքապետարանի կողմից արտոնված երթուղով` մետրոյի "Չիստիե պրուդի" կայարանից մինչեւ Սլավյանսկի հրապարակ: