Հայաստանում ստեղծված իրադրությունը նման է Առաջին հանրապետության կորստի իրադրությանը, երբ Կարմիր բանակը եկավ եւ «փրկեց» հայ ժողովրդին: Այս մասին այսօր` նոյեմբերի 4-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Առաքելություն» կուսակցության Քաղաքական խորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանը:
«Հնարավոր է` ձեւի տեսանկյունից երկրի անկախության բացարձակ կորուստ չի լինի, քանի որ Ռուսաստանը ցանկություն չունի այլ պետություններ ընդգրկելու իր կազմում, սակայն երբ կորսվում է ինքնիշխան վճիռ կայացնելու քաղաքական կապիտալը եւ, ամենակարեւորը, մարդկային ռեսուրսը` Հայաստանի քաղաքացիները, բովանդակային առումով իրականությունը ծայրահեղ հիվանդագին փոփոխություններ է կրում», - նշել է Մանուկ Սուքիասյանը:
Ըստ նրա` գործող նախագահ Սերժ Սարգսյանը ` իր կառավարման վերջին 5 տարիներին սկզբունքորեն ոչինչ չի փոխել երկրում: «Հայաստանն ավիացիա չունի, դա ամոթ է ցանկացած նորմալ երկրի համար: Ավիացիայի բացակայության պատճառով արտասահմանյան ավիափոխադրողները օդանավի մեկ տոմսի գինը վերածել են լուրջ հաճույքի», - ընդգծել է Մանուկ Սուքիասյանը, հավելելով, որ ներկայումս մենք ունենք իշխանություն, որը ձախողել է ամեն ինչ:





























