Բացառված է, որ առաջիկայում Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության համաժողովին Հայաստանը կստորագրի Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը:
Նա նշեց, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները վատացել են, մանավանդ այն բանից հետո, երբ ԵՄ-ն հիշեցրեց, որ Հայաստանը չի կատարել բազմաթիվ պարտավորություններ:
Իսկ սեպտեմբերի 3-ին արված հայտարարությունը եւ հետագա դեպքերը ցույց են տվել, որ ուժերի բալանսում փոփոխություններն էապես ազդելու են ՀՀ անվտանգության վրա: Ստեփան Սաֆարյանի փոխանցմամբ՝ պատահական չէ շփման գծում՝ Տավուշի մարզում, առկա լարված վիճակը:
Ավագանու անդամը կարծիք հայտնեց, որ Հայաստանը պետք է ձեւեր գտնի իշխանությունների կայացրած`Մաքսային միության խայտառակ որոշումից հրաժարվելու համար: «Մաքսային միությունը մեզ ոչինչ չի տալու, պետք է ճանապարհներ փնտրել դրանից դուրս»,- նշեց Ստեփան Սաֆարյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























