Տրանսպորտի սակագնի բարձրացման որոշումն ապօրինի է, դրա համար օրենքով նախատեսված 4 օբյեկտիվ պատճառները չկան: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի ավագանու «Բարեւ, Երեւան» խմբակցության անդամ Ստեփան Աաֆարյանը:
Նա պատրաստվում է նամակ ներկայացնել Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովին՝ պահանջելու վարույթ ընդունել եւ քննարկել 48-49 գծատերերերին գծերից զրկելու հարցը:
Ստեփան Սաֆարյանը նշեց, որ ինքը պնդելու է, որ դրանք չեն կարող եւ չեն իրականացնում բարեխիղճ ուղեւորափոխադրում, ապացույցներ է ներկայացնելու, որ նրանց ներկայացրած հայտերի համաձայն՝ ուղեվարձի թանկացումն ուղղակի անտրամաբանական է:
Ավագանու անդամն ասաց, որ Վերաքննիչ վարչական դատարանը վարույթ է ընդունել իրենց հայցադիմումները, բայց իրենք այսքան չեն սահմանափակվելու եւ Հայաստանում հաջողության չհասնելու դեպքում կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ստեփան Սաֆարյանն անդրադարձավ նաեւ Երեւանում կատարվող շինարարություններին՝ շեշտելով, որ պետք է վերջ տալ ապօրինի շինարարություններ թույլ տալու արատավոր պրակտիկային: Նա նշեց, որ Սայաթ-Նովա 10 հասցեում լարված իրավիճակ է, քաշքշում են իրար, մարդիկ խառնված են: «Ես կոչ եմ անում կառուցապատողին՝ ձեռնպահ մնալ այնտեղ ապօրինի շինարարություն անելուց»,- նշեց Ստյոպա Սաֆարյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























