Նյու Յորքում հաջողվել է փրկել ուսանողին, որն ընկել էր 17-հարկանի հանրակացարանի տանիքից եւ երկու շենքերի միջեւ նեղ արանքում մնացել 36 ժամ, հայտնում է The New York Daily News-ը:
Տուժածը 19-ամյա Աշեր Վոնգթաուն է Նիգերիայից, նա տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ հրատարակչության` նա գանգի, ոսկորների եւ ձեռքերի կոտրվածքներ է ստացել: Բժիշկները նրա վիճակը ծանր են գնահատում:
Վոնգթաուին նոյեմբերի 3-ի երեկոյան հայտնաբերել էին հանրակացարանի պահակները: Նրան փրկելու գործողությունը տեւել էր 1,5 ժամ, հաղորդում է Fox News-ը: Ուսանողը մնացել էր հանրակացարանի եւ ավտոկայանատեղիի շենքերի միջեւ եղած 60 սմ լայնությամբ արանքում: Նրան դուրս բերելու համար փրկարարները պատերից մեկում անցք են բացել, հաղորդում է Lenta.ru-ն:
Թե ինչու է Վոնգթաուն ընկել տանիքից, հայտնի չէ: Ըստ հանրակացարանի բնակիչների` միջադեպը տեղի է ունեցել շենքում հրդեհային անվտանգության ազդանշանի միանալուց եւ տարհանումն սկսվելուց հետո: Ինչ-որ մեկը տեսել էր, թե ինչպես է Վոնգթաուն բարձրացել տանիք: Այնտեղ հայտնաբերվել էր նաեւ նրա հեռախոսը:





























