«Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ի շենք շինությունները եւ նրա սպասարկման տարածքը ընգրկված են ՀՀ պատմամշակութային հուշարձանների ցանկում:

Այդ մասին ասվում է «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի հայտարարության մեջ:

«Երեւանի քաղաքապետարանի կողմից կառուցվող Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ավտոմայրուղու շինարարության մի հատվածը նախագծվել է «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ի սեփականությամբ պատկանող ավտոկայանատեղիով: Առանց սեփականատիրոջ համաձայնության, իրականացվում է այդ նախագիծը: Քաղաքապետարանից այս ամենը հիմնավորում են, որ նշված տարբերակը պակաս ներդրումներ է պահանջում: Ստացվում է, որ շինարարությունը ավելի պակաս ներդրումներով իրականացնելու համար, քաղաքապետարանը վերցնում է «Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ի տարածքի մի մասը:

Մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնում նման կարգով տեղի ունեցող շինարարությանը եւ համարում ենք այն ոչ  իրավաչափ, քանի որ նախագիծը այդ կարգով իրականություն դառնալու դեպքում աղճատելու է համալիրի մշակույթային արժեքն ու խոչընդոտելու է բնականոն աշխատանքը:

Հավելենք նաեւ, որ ս/թ-ի հոկտեմբերի 28-ին ՙԿ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՚-ի հեղինակ ճարտարապետներ` Գ. Ազիզյանը, Հ. Պողոսյանը եւ Գ. Մուշեղյանը, դիմել են Երեւանի քաղաքապետին: Քաղաքապետին ուղղված դիմումում ճարտարապետներն նշել են.

«...Երեւանի տրանսպորտային երթեւեկությունը կարգավորող ծրագրային այս կարեւոր միջոցառումը պատահական վրիպմամբ չստվերելու նպատակով, որը կբերի տրանսպորտային կոլապսի այս հանգույցում, առաջարկում ենք, հանձնարարել կարճ ժամանակով դադարեցնել տվյալ հանգույցում կատարվող շինաշխատանքները, հանձնարարել նախագծային կազմակերպությանը` նշված տրանսպորտային հանգույցի այլընտրանքային տարբերակներ մշակեու եւ դրանք Ձեզ ենթակա քաղաքաշինական խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար: Մենք պատրաստ ենք համագործակցելու եւ աջակցելու այդ աշխատանքներին` խնդրիը շուտափույթ լուծման նպատակով»-ասվում է հայտարարության մեջ: