Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ հյուրընկալել է ոլորտի մի շարք աշխատակիցների։
Շնորհավորելով մասնագիտական օրվա կապակցությամբ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել սոցաշխատողներին՝ նվիրված աշխատելու համար։
«Համբերատարություն պահանջող ծանր աշխատանք եք ստանձնել, որը չի կարելի չնկատել եւ պետք է ըստ արժանվույն գնահատել։ Դուք բնակիչների հետ անմիջական շփում ապահովող այն օղակն եք, որը մշտապես նրանց կողքին է ու, ըստ այդմ, նաեւ ձեր վերաբերմունքով է պայմանավորված քաղաքացու վստահությունը ինչպես ոլորտի, այնպես էլ վաղվա օրվա նկատմամբ: Ուստի ակնկալում եմ ձեզանից յուրաքանչյուրից առավելագույնս օգտակար լինել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ունեն ձեր աջակցության կարիքը»,– ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
Սոցիալական աշխատողի օրվա, սոցիալական ծառայությունների տարածքային բաժինների ստեղծման 20-ամյակի, ինչպես նաեւ սոցիալական ծառայությունների կայացման գործում ունեցած մեծագույն ավանդի, ոլորտում երկարամյա եւ բարեխիղճ աշխատանքի համար Երեւանի քաղաքապետի պատվոգրերով են պարգեւատրվել սոցիալական ծառայությունների տարածքային բաժինների, ինչպես նաեւ վարչական շրջանների աշխատակազմերի առողջապահության, սոցիալական ապահովության եւ ծրագրերի բաժինների 14 աշխատակիցներ։
Ոլորտի 12 աշխատակիցների էլ շնորհվել են Երեւանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ երկարամյա եւ բարեխիղճ աշխատանքի համար։




























