Մեզ հարկավոր է խաղաղություն, պետք է սկսել դիվանագիտական նոր դոկտրինա եւ դրա ֆունդամենտը Գյուլիստանի պայմանագիրն է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը։ Նա նշեց, որ եթե ՀՀ այրերը այս նոր դոկտրինը չսկսեն, կհետեւի իշխանափոխություն՝ նախագահական, պառլամենտական, կարեւոր չէ։

Դավիթ Հակոբյանը կարծիք հայտնեց, որ Վիլնյուսյան գագաթնաժողովը վաղուց արդեն տանուլ է տրված։

Նա առաջարկում է Արցախի հայկական հանրապետությունը տալ Ռուսաստանին՝ վերջինիս կազմում պահպանելով հայոց պետությունը, եւ շեշտում է, որ փոխարենը մենք կունենաք տարածքային ամբողջականություն, անվտանգություն, «առանց ռուսական բանակի մեր սահմանները չենք կարող պաշտպանել»։

Դավիթ Հակոբյանի փոխանցմամբ՝  Արեւմուտքը եւ Եվրոպան 300 տարի շարունակ Հայաստանը ողջակիզել են իրենց դիվանագիտական սեղանին, եւ մեր երեք նախագահերից ոչ մեկը տարածքային պահանջատիրությամբ հանդես չի եկել։

«Եթե մենք հանրապետության կարգավիճակով չենք մտնում, մենք չենք մտնում Ռուսաստանի կազմ: Եթե բանակցային գործընթացը հասնում է այն կարգավիճակին, որ մտնում ենք Ռուսաստանի Դաշնություն՝ որպես հանրապետություն, օրինակ՝ Չեչնիա, սա անկախության մի աստիճան է, բայց տալիս է տարածքային ամբողջականություն, ապահովում հայերի ֆիզիկական եւ կենսաբանական անվտանգությունը»,- ասաց Դավիթ Հակոբյանը։

Դավիթ Հակոբյանը շեշտում էր, որ պետք չէ Եվրոպայի հետ շնանալ, իսկ դիտարկմանը, թե ձեր հայտարարություններով շնանում եք Ռուսաստանի հետ, նա նշեց, որ «կա շնացում, որ տնաքանդություն չէ, կա շնացում, որ փրկություն է»։ Գլխավոր Մարքսիստի կարծիքով՝   Հայաստանի երրորդ հանրապետությունը շնորհիվ Գյուլիստանի պայմանագրի գոյություն ունի։ ԼՂՀ Ռուսաստանի կազմում տեսնող մարքսիստը կարծում է, որ այդպես ռուսներին տնփեսա ենք բերում։ «Զորի Բալայանը գողացել է իմ միտքը, ես կարգավիճակներով եմ խոսում, ոչ թե Զորի Բալայանի նման  տարածքներիդ արի տեր կանգնի։ Հայաստանը երբեք ռուսների հետ չի միաձուլվել, ավելի շատ հարսներ էինք բերում հյուսիսից, քան թե տղաներ ենք տալիս, հիմա հակառակ պրոցեսն է»,- ասաց նա։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am