Արժեզրկվել ու վարկաբեկվել են եւ իրենց ընդդիմադիր հայտարարած բոլոր ուժերը, եւ իշխանությունը, երկու կողմերն էլ իրենցից ոչինչ չեն ներկայացնում, եւ այս ճգնաժամային իրավիճակի մեջ արտաքին մարտահրավերները մեծ թափով են պրեսինգի ենթարկում քաղաքական համակարգը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը։

Նա նշեց, որ այսօր ամենաարդիականն արցախյան հիմնախնդիրն է եւ Մաքսային միությունը։ «Վիճակը նետված է, եւ այն քաղաքական գործամոլները, որոնք հույսեր են փայփայում, թե նոյեմբերի 29-ին կարելի է ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, կարծում եմ՝ տապալված են։ Չարաբաստիկ ձեւով նոյեմբերի 29-ը սովետականացման օրն է, սկիզբը բոլշեւիկյան քաղաքականության»,- նշեց նա։ Դավիթ Հակոբյանի փոխանցմամբ՝  Մաքսային միությունը քողարկող բառակապակցությունն է, որը բացարձակ մաքսային հայեցակարգի հետ կապ չունի, դրա անվան տակ թաքնված է պանաամերիկյան հեգեմոնիզմը կանգնեցնելը եւ նոր գեոքաղաքական կենտրոն ստեղծելը։

Գլխավոր մարքսիստի կարծիքով՝ դա կապահովի տարածքային  միասնականություն, միասնական քաղաքացիությունը, ֆինանսները, միասնական տնտեսական գոտի ստեղծելը, միասնական աշխարհիկ գաղափարախոսությունը, արտաքին եւ ներքին քաղաքականություն, սրանք կապահովեն մեր ազգի ֆիզիկական եւ կենսաբանական անվտանգությունը:

Նրա խոսքով՝ Եվրոպան մեզ երբեք ու երբեք արտադրողական ուժերի զարգացման համար ոչինչ չի տալու, բացի օրենսդրական դաշտի գլոբալիզացիայից։ «Այսօր Մոսկվան նշեց Գյուլիստանի պայմանագրի երկուհարյուրամյակը, եւ այսպիսով կարծես թե Արցախյան հարցի դիվանագիտական փուլը մտնում է նոր կարգավիճակ։ Մենք այսօր տալիս են նոր դոկտրինա, մենք սկսում ենք դիվանագիտական նոր գործընթաց, որի միջոցով մեր խնդիրն է լինելու Արցախի հայկական Հանրապետությունը տեսնել Ռուսաստանի կազմում որպես ներքին քաղաքական սուբյեկտ»,- ասաց Դավիթ Հակոբյանը։

Այս պարագայում նա շեշտեց, որ Հայաստանը պարտավոր է Արցախը ճանաչել որպես գլխավոր կոնֆլիկտող, բանակցող կողմ, քաղաքական դիվանագիտությունից անցում կատարել ռազմական դիվանագիտության ռելսերին։ Դավիթ Հակոբյանը շեշտեց, որ առաջին հերթին արցախահայությանը հարկավոր է խաղաղություն, ռուսական բանակի ներկայությունը ոչ միայն կփակի պանթուրքիզմի ճանապարհը, այլեւ միակ գարանտը կլինի Հայաստանի անվտանգության։