Արարատյան Հայրապետական թեմի ինտերնետային Qahana.am կայքում հրապարակված «Հափշտակություն ռոք երաժշտությամբ» վերտառությամբ հոդվածը չի ներկայացնում Հայ առաքելական սուրբ եկեղեցու դիրքորոշումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արարատյան Հայրապետական թեմի ինտերնետային քարոզչության պատասխանատու Էլզա Մանուկյանը:
Հիշեցնենք, որ այդ հոդվածում նշվում էր, որ ջազ, փոփ, ռոք, պանկ, դիսկո երաժշտությունը «չափազանց կործանարար եւ կորստաբեր է քրիստոնյայի հոգու համար» եւ որ դրանք «վնասում են ժամանակակից երիտասարդների կյանքը բոլոր կողմերից»:
Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.
«Վերջին շրջանում մեր կայքի նյութերից մեկը՝ «Հափշտակություն ռոք երաժշտությամբ», տարաբնույթ քննարկումներ առաջացրեց: Առանց հետամուտ լինելու նյութի աղբյուրի եւ հեղինակների փաստին, դրա մեջ հնչած կարծիքը միանգամից սխալմամբ վերագրվեց Հայ առաքելական եկեղեցուն:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ այն չի ներկայացնում Հայ առաքելական սուրբ եկեղեցու դիրքորոշումը: Մայր եկեղեցին միշտ առանձնացել է իր լայնախոհ կեցվածքով: Եթե Հայ Եկեղեցին դեմ լիներ ռոքին կամ ժամանակակից երաժշտական այլ ուղղություններին, մենք չէինք ունենա «Ս. Գրիգոր Լուսավորիչ» ռոք – օպերան, որը 2001թ.՝ քրիստոնեության ընդունման 1700-ամյակի պաշտոնական տոնակատարությունների մեջ զբաղեցրեց կարեւոր տեղ:
Նյութը, որն արժանացավ սուր քննադատությունների, պարզ մի թարգմանություն էր, որ վերցվել էր Ռուս ուղղափառ եկեղեցու Սարատովի թեմի կայքի գրադարանից: Մեր կայքում պարբերաբար ներկայացվում են միջեկեղեցական նորությունները: Այդ նյութի հեղինակը Ռուս ուղղափառ եկեղեցու Սարատովի թեմի հոգեւորական, վարդապետ Ղազարն է (архимандрит Лазарь): Նյութն անգամ չի արտահայտում Ռուս եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը:
Qahana.am կայքի խմբագրության անուշադրության պատճառով չէր ներկայացվել նյութի սկզբնաղբյուրը, ինչն իրավացիորեն առաջացրեց մեր ընթերցողների ընդվզումը:
Ցավում ենք, որ մեր խմբագրության թերացման պատճառով սխալ տեսակետը վերագրվեց Հայ Եկեղեցուն ու հայ հոգեւորականներին:
Qahana.am կայքի սիրելի՛ ընթերցողներ: Մեր խմբագրությունը հայցում է ձեր ներողամտությունը, եթե մենք ռուս հոգեւորականի անհատական կարծիքով վիրավորել ենք որեւէ մեկին:
Մենք պատրաստ ենք սիրով լսել բոլոր կարծիքները՝ կայքում հրապարակված նյութերի մասին»:



























