Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հիշեցրել է պաշտպանության ոլորտում ռուս-հայկական պայմանավորվածությունների մասին:

Նոյեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում նախարարը, պատասխանելով  ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռազմակայանի հրամանատարի հայտարարությանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի դրան հաջորդած մեկնաբանությանն առնչվող հարցին, ընդգծել է.  « Ռուսաստանի հետ մենք անվտանգության հարցով համապատասխան կարեւոր պայմանավորվածություններ եւ փաստաթղթեր ունենք, որի շրջանակում գործում է ռուսական կողմը»:

Հիշեցնենք, 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկին ռուսական ռազմական «Կրասնայա զվեզդա» պարբերականի հետ զրույցում հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից ԼՂ-ի նկատմամբ ուժային ճանապարհով իրավասության վերականգնման վերաբերյալ որոշման դեպքում Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան կարող է ներգրավվել զինված հակամարտության մեջ՝ ՀԱՊԿ շրջանակում պայմանավորվածությունների համաձայն: Իր հերթին Բաքու այցի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը բացառել էր նման թյուրիմացության հնարավորությունը  եւ խոստացել պարզել այդ հարցը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am