24-ամյա Աննան պայմանագիր է կնքել ամերիկացի նույնասեռական (լեսբուհիների) ընտանիքի հետ և շուտով մեկնելու է ԱՄՆ` նրանց 3 ամսական որդու դայակ աշխատելու համար։ Աննան, որը նախընտրեց իր ազգանունը չհրապարակել, NEWS.am-ին պատմեց, որ ԵՊՀ մագիստրատուրան ավարտել է կարմիր դիպլոմով ու ամիսներ շարունակ աշխատանք փնտրել:
«Փետրվարին ինտերնետում պատահական իմացա AU Pair ծրագրի մասին, որով մարդիկ մեկնում են ԱՄՆ, Կանադա կամ եվրոպական երկրներ` դայակությամբ զբաղվելու: Գրանցվեցի ու սկսեցի ռեզյումեներ ուղարկել տարբեր ընտանիքների»,- պատեց Աննան:
Այս ընթացքում Աննան Skype-ով խոսել է շատ ընտանիքների հետ, սակայն ոչ մեկը չի համաձայնվել նրան աշխատանքի հրավեր տալ։ Սեպտեմբերին նրան գրել է մի ընտանիք, որը փնտրում է դայակ իրենց 3 ամսական երեխայի խնամելու համար:
«Սկայպով խոսելու օրն ու ժամը պայմանավորվեցինք: Որոշեցի նրանց փնտրել ֆեյսբուքում: Սկզբում գտա կնոջը ու մեկ էլ տեսա, որ նրա կողակիցը նույնպես կին է, այսինքն՝ լեսբուհների ընտանիք էր: Խառնվեցի իրար, օրն արդեն որոշել էինք, չգիտեի ինչ անել: Մտածեցի` լավ, խոսեմ, հետո էլ կասեմ, թե համաձայն չեմ: Խոսեցինք ու առաջին հարցն այն էր, թե Աննա, գիտե՞ս, որ մենք լեսբուհիների ընտանիք ենք, ես էլ պատասխանեցի, որ OK է, ու ես խնդիր չեմ տեսնում: Երկար զրուցեցինք, ու ոչ մի վատ բան չտեսա նրանց մեջ»:
Մեկ շաբաթ առաջ հայ աղջիկը աշխատանքային պայմանագիր է կնքել ամերիկացի զույգի հետ: Աշխատանքային յուրաքանչյուր ժամի համար ստանալու է 10 ԱՄՆ դոլար, նրան տրամադրվելու է սենյակ՝ առանձին լոգարանով, իսկ սննդի համար վճարելու է շաբաթական 350 ԱՄՆ դոլար:
«Պայմանագրիս մեջ հստակ նշված են նաև իմ պարտականությունները. Դայակություն եմ անելու այդ երեխային, տանեմ զբոսանքի, լողացնեմ, կերակրեմ»,- պատմեց Աննան:
Այժմ նույնասեռականների զույգը դիմել է Կառավարությանը՝ թույլտվություն ստանալու համար, որից հետո արդեն Աննան կդիմի դեսպանատուն:
Այնուամենայնիվ, աղջիկը դեռ հավատում է, որ Հայաստանում ավելի հարմար աշխատանք կգտնի: «Իրոք, դեռ հույս ունեմ, որ էստեղ աշխատանք կգտնեմ: Իսկապես դաժան է Հայաստանում ավարտել մագիստրատուրան բարձր առաջադիմությամբ ու գնալ օտար երկրում դայակություն անել, ամեն ինչ սկսել զրոյից: Շատ դժվար է, մանավանդ որ 20-ն անց ես»,- նեղսրտած ասաց նա:
Աննան դեռ տատանվում է, իսկ նրա ընտանիքը համաձայն է: Աղջկա խոսքով` ծնողներն այդքան էլ լավ չեն պատկերացնում, թե ինքն ուր է գնում. «Իսկ մտերիմներս ու ընկերներս, ովքեր ինձ լավ են ճանաչում, ահավոր անհանգստանում են, հատկապես որ լեսբուհիներ են ու լրիվ ուրիշ կյանքով են ապրում»:
Աղջկան մխիթարում է միայն այն, որ երկու տարի ամբողջ դրույքով աշխատելուց հետո ինքը քաղաքացիություն կստանա:
«Մեկ ա վախենում եմ. մեկ-մեկ թաքուն աղոթում եմ, որ չստացվի ու չգնամ»,- ասաց Աննան:



























