Շանթ Հարությունյանի 14-ամյա որդուն՝ Շահեն Հարությունյանին ազատել են այսօր, նոյեմբերի 6-ին, ժամը 7։00-ին։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Շահեն Հարությունյանը։
Նա նշեց, որ ոստիկանները խուզարկել են իրենց բնակարանը, բայց ոչինչ չեն հայտնաբերել։ Շանթ Հարությունյանի ընտանիքը տեղեկություն չունի նրա մասին, նա առայժմ փաստաբան չունի։
14-ամյա Շահեն Հարությունյանը պատմեց՝ ինչ է կատարվել նախօրեին Կենտրոնի ոստիկանությունում։
«Բոլորիս տարան «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկ։ 72 ժամ մնալու են էնտեղ, հետո գնալու են բերդ։ Բոլորին ձերբակալեցին, ընդ որում, առաջինը՝ ինձ։ Շատ լարված մթնոլորտ է ր մինչեւ ուշ գիշեր։ Շատ լարված ու ագրեսիվ էին։ Բոլորիս առանձին քննիչներ էին տվել։ Մինչեւ ժամը 3-4-ը քննարկում էին՝ ինչ պիտի լինի մեր ճակատագիրը։ Բոլորիս հարցաքննեցին, բռնություն չեղավ։ Ոչ մեկս մյուսից տեղյակ չէինք, ինֆորմացիա չէին տալիս։ Ստիպեցի, որ ինձ տանեն պապայիս մոտ։ Ես պապայիս տեսել եմ մեկ րոպեով, ինձ թվում է՝ լավ էր, պահվածքից զգացի։ Հոգնած էր, բայց դա բնական է»,- պատմեց Շահեն Հարությունյանը։
Նա նշեց, որ առայժմ չի հաջողվել կապ հաստատել հոր հետ։ Որոշ ժամանակ անց պարզ կլինի փաստաբանի հարցը։
Շահեն Հարությունյանը նաեւ նշեց, որ այսօր՝ ժամը 13-ից հավաքվելու են Ազատության հրապարակում՝ ճշտելու իրենց հետագա անելիքները։
Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, որն արդեն մի քանի օր Ազատության հրապարակում նստացույց է անում եւ հայտարարել է հեղափոխություն սկսելու մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել են երթը, տեղի են ունեցել բախումներ, հնչել են պայթյուններ, ոստիկանները բերման են ենթարկել երկու տասնյակից ավելի ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն: Շուրջ 20 անձի, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին ձերբակալել են:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























