Եթե կա պայքար, դա լավ է, եթե չկա, այնքան էլ լավ չէ եւ ճահճացման է տանում: Նոյեմբերի 6-ի մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել  «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը՝ անդրադառնալով երեկվա անկարգություններին:

Ըստ նրա՝ կարելի է համաձայն չլինել պայքարի միջոցների եւ նպատակների հետ, սակայն այդ ամենը երկրորդական է. «Կարեւորն այն է, որ չճահճանանք եւ փորձենք պայքարել մեր իրավունքների համար: Յուրաքանչյուր մարդ յուրովի է գնահատում իր պայքարի նպատակները: Ուստի քաղաքացիներն իրենք պետք է գնահատականներ տան: Ինձ թվում է, յուրաքանչյուր նման դեպք  ձգտում է ցույց տալ՝ որն է ապագայի ճիշտ ուղին եւ ինչպես պետք է մենք զարգանանք», - նշել է Թեւան Պողոսյանը՝ ընդգծելով, որ ընդդիմությունը պետք  է փորձի  նպատակներին հասնել օրենքի շրջանակում: 

Պատգամավորն ընդգծել է, որ միշտ փոփոխությունների կողմնակից է եղել. «Կարծում եմ՝ ամենօրյա անխոնջ աշխատանք կատարելով իրականում կարելի է ապացուցել, որ փոփոխությունները հնարավոր են», - ամփոփել է Թեւան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը, որն արդեն մի քանի օր Ազատության հրապարակում նստացույց էր անում եւ հայտարարել էր հեղափոխություն սկսելու մասին, նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրելէին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 մարդու, որոնցից 20-ը,  այդ թվում՝ Շանթ Հարությունյանը,  ձերբակալված են: Բախումների արդյունքում մոտ մեկ տասնյակ մարդ հիվանդանոցում է, այդ թվում՝ ոստիկաններ: