Վերջին 10 տարում 13 երկրներից, որոնց հետ Հայաստանը հետընդունման համաձայնագիր է ստորագրել,  ընդամենը 32 մարդ է ցանկացել հայրենիք վերադառնալ: Նոյեմբերի 6-ի մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է   «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը:

Ըստ նրա՝ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հետընդունման համաձայնագրի ստորագրման կապակցությամբ անհանգստությունն այնքան էլ չի համապատասխանում տեղի ունենալիք գործընթացներին:

«Երբ «Արեւելյան գործընկերության» շրջանակում սկսվեց ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի պարզեցման եւ հետընդունման գործընթացը, բոլորին միանգամից թվաց, թե հայերին իսկույն հետ կվերադարձնեն: Սակայն դա այդպես չէ, քանի որ եթե որեւէ երկիր խնդիր ուներ Հայաստան վերադարձնել իր տարածքում ապօրինի բնակվող քաղաքացուն, այն դա անում էր անկախ ամեն ինչից», - նշել է Թեւան Պողոսյանը՝ հավելելով, որ Համաձայնագիրը թույլ կտա հարցը կարգավորել առանց արտաքսման:

«Այսօր մենք 4 երկրների՝ Նիդեռլանդների, Բելգիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի հետ պայմանագրեր ունենք, համաձայն որոնց՝ այն մարդկանց, ում նրանք վերադարձնում են, փորձում են նաեւ որոշակի միջոցներ հատկացնել», - նշել է Թեւան Պողոսյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը պետք է օգնության ցուցաբերման համակարգ մշակի՝ պատշաճ կերպով քաղաքացիներին ընդունել կարողանալու համար:

Հիշեցնենք, Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հետընդունման համաձայնագիրը ստորագրվել էր 2012թ. ապրիլին, իսկ Եվրախորհրդարանը վերջերս հավանություն էր տվել դրան: