Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում ձերբակալվածների հարազատներն ու ընկերները այսօր՝ նոյեմբերի 6-ին, ժամը 13-ի դրությամբ, հավաքվել են ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ժամանակավոր պահման ընդունիչ մեկուսարանի մոտ։ Նրանք փորձել են տեսակցության թույլտվություն ստանալ, սակայն նրանց թույլ չեն տվել (ֆոտոռեպորտաժ)։
Այստեղ են Ազգային միացյալ նախաձեռնության ղեկավար Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզաննա Բադալյանը եւ որդին՝ 14-ամյա Շահեն Հարությունյանը, որը նույնպես նախօրեին Մաշտոցի պողոտայի բախումների ժամանակ բերման էր ենթարկվել եւ այսօր առավոտ է ազատ արձակվել։
«Նախնյաց հետքերով» ՀԿ նախագահ Արման Մխիթարյանի կինը՝ Սաիդա Պողոսյանը, NEWS.am-ի թղթակցին պատմել է, որ ամուսինը նախօրեին տուն գնալիս է եղել, հասել է Օպերայի մոտ, փնտրել է ընկերներին, ովքեր Շանթ Հարությունյանի հետ էին, զանգահարել է, որ ճշտի, թե որտեղ են ընկերները եւ հեռախոսով խոսելու պահին նրան ձերբակալել են։
ժամանակավոր պահման ընդունիչ մեկուսարանի մոտ է նաեւ քաղաքացիական ակտիվիստ Ավետիսյան Ավետիսյանի մայրը, որը, NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, շատ վատ վիճակում է։ Նա պատմել է, որ Ավետիսը երեկ զանգել է տուն, խնդրել, որ շոր ուղարկեն։ Այսօր հարազատներն ու ընկերները նաեւ սնունդ են բերել, բայց Ավետիսը հրաժարվել է ընդունել այն։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























