Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աղքատության հիմնական պատճառը կրթական ցածր մակարդակն է, ուկրաինական «Օբոզրեւատել» թերթի հետ հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Կրթություն ստանալու հնարավորությունից զուրկ լինելը աղքատություն ծնող հիմնարար պատճառներից մեկն է», - նշել է նա:
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ աղքատության հաթահարման համար անհրաժեշտ է ոչ թե հետեւանքների դեմ պայքարել, այլ այն ծնող պատճառների՝ քաղաքացիներին կրթություն ստանալու հավասար հնարավորություններ ընձեռելով:
«Աղքատ ընտանիքներում փողի բացակայությունը չպետք է նրանց երեխաների համար որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից զրկվելու պատճառ դառնա: Կառավարության ծրագրում դրույթ կա անապահով ընտանիքների երեխաներին պետության հաշվին կրթություն տրամադրելու մասին՝ եւ միջնակարգ, եւ մասնագիտական-տեխնիկական, եւ բարձրագույն մակարդակներում», - ասել է վարչապետը:
Նա նշել է, որ աշխատավարձերի աճն ամենից առաջ գրանցվում է այն ոլորտներում, որտեղ պահանջվում են բարձր որակավորմամբ մասնագետներ: Հայաստանի համար դա առաջին հերթին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է: Ամեն տարի այնտեղ 15 տոկոսանոց աճ է գրանցվում, եւ ոլորտը լրացուցիչ 2000 նոր մասնագետների կարիք է ունենում:
«Քանի որ այդ ոլորտը առաջնայիններից մեկն է, մենք որոշել ենք բուհերում այդ մասնագիտությունների գծով ավելացնել պետպատվերը, ինչպես նաեւ պայմանագիր ենք կնքել հայկական բուհերի հետ անմիջականորեն համագործակցող ձեռնարկությունների հետ՝ ստեղծելով համատեղ ուսուցանող ամբիոններ», - պատմել է նա:
Վարչապետը նաեւ նշել է, որ բավական արագ տեմպերով զարգանում են հանքարդյունաբերությունը, սննդի, թեթեւ եւ դեղագործական արդյունաբերությունը:
Եվ մենք խնդիր ունենք այդ ոլորտները կապել կրթական հաստատությունների հետ: Բիզնեսը զարգանում է եւ մշտապես նոր որակավորումների պահանջարկ ներկայացնում, որը մենք կարող ենք ապահովել միայն բիզնեսի եւ կրթության միջեւ երկխոսության միջոցով՝ հիմքում ունենալով ՏՏ ոլորտը», - նշել է Տ. Սարգսյանը:




























