Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում ձերբակալվածներին մեկ ժամ անց այցելել  է ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խումը։ Այս մասին NEWS.am-ին ասաց դիտորդ Սուրեն Իսկանդարյանը՝ նշելով, որ «ձերբակալվածների վրա ֆիզիկական բռնության հետքեր չեն եղել, և նրանք լավ տրամադրություն են ունեցել»:

«Նրանց մեջ կա հոգեկան շեղում ունեցող անձ Անուշավան Գրիգորյանը: Կապվել ենք նրա հարազատների հետ, ասել, որ այսօր բերի նրա հիվադության թղթերը, որպեսզի նրան ազատ արձակեն»,- ասաց նա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, որն արդեն մի քանի օր Ազատության հրապարակում նստացույց էր անում, եւ հայտարարել էր հեղափոխություն սկսելու մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել են երթը, տեղի են ունեցել բախումներ, հնչել են պայթյուններ, ոստիկանները բերման են ենթարկել 37 ակտիվիստի, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն՝ Շահեն Հարությունյանին։ Ավելի ուշ նրանցից 20-ին ձերբակալել են։ Բախումների հետեւանքով հոսպիտալացվել է շուրջ մեկ տասնյակ մարդ, այդ թվում՝ ոստիկաններ։