Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության միջնորդությամբ քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության եւ բարեկարգման վարչությունում երեկ՝ նոյեմբերի 5-ին կայացել է Սարի Թաղի բնակիչների անունից ներկայացած Գեղամ Պետրոսյանի եւ վարչության պետ Սամվել Մհերյանի հանդիպումը, որին ներկա էին նաեւ «Բարեւ Երեւան» խմբակցության անդամներ Գագիկ Բաղդասարյանն ու Արթուր Գասպարյանը: Հանդիպման նպատակը թաղամասին վերաբերող մի շարք խնդիրների քննարկումն էր: Պետրոսյանը ներկայացրել է, որ անհրաժեշտ է լայնացնել թաղամասի ճանապարհային ոլորանները՝ տրանսպորտային միջոցների շրջադարձը հեշտացնելու նպատակով, վերանորոգել մայթերը՝ ասֆալտապատելով եւ եզրաքարեր տեղադրելով (ըստ նրա՝ մայթերին աճած բուսականությունը դրանք գրեթե անանցանելի է դարձրել), կառուցել վերգետնյա անցում:

Սամվել Մհերյանը տեղեկացրել է, որ Էրեբունի վարչական շրջանում 2013թ. ընթացքում վերանորոգված ճանապարհների 15%-ը պատկանում է Սարի Թաղին: Ինչ վերաբերում է ոլորանների լայնացման խնդիրներին, ապա դրա վերաբերյալ պետք է լուրջ ուսումնասիրություն կատարվի, նոր նախագիծ կազմվի, եզրակացություններ պետք է տան նաեւ ճարտարապետներն ու ՃՈ համապատասխան մասնագետները: Մայթերի վերանորոգման առումով ասել է, որ հնարավոր ամեն ինչ կանի՝ հաջորդ տարվա ծրագրում եւ բյուջեում այն ներառելու համար: Իսկ վերգետնյա անցում կառուցելու առումով նշեց, որ այն քաղաքապետարանի ֆինանսական միջոցներով չի կառուցվում: Դրա համար պետք է ներդրողներ գտնել, որը դյուրին գործ չէ: Փոխարենը, համաձայն բնակիչների առաջարկության, նշված տեղում հետիոտնային նշագրված ուղղանկյուններ կարվեն («զեբրա»)՝ հետիոտնի անցումն ապահովելու համար:

Հիշեցնենք, որ Սարի Թաղի տրանսպորտային խնդիրների լուծման նպատակով Գեղամ Պետրոսյանն ու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամները օրեր առաջ հանդիպել էին նաեւ քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի եւ հասարակական տրանսպորտի կարգավորման բաժնի պետ Հարություն Մելքումյանի հետ: