NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է ֆրանսիական «Le Monde» թերթում մոսկովյան թղթակից Մարի Ժեգոյի հրապարակած հոդվածը:
Նոյեմբերի 4-ին մի քանի հազար ուլտրաազգայնականներ անցան Մոսկվայից հարավ-արեւելք ընկած Լյուբլինո արվարձանով՝ բղավելով ներգաղթյալների հանդեպ իրենց ատելության ու «սպիտակ ռասային» իրենց պատկանելության մասին: Նույն երթը կայսերական հին մայրաքաղաք Սանկտ-Պետերբուրգում նշանավորվեց Կենտրոնական Ասիայից ներգաղթյալի մահով: Զոհը նախկին խորհրդային հանրապետություն հանդիսացող Ուզբեկստանի քաղաքացի էր, որի հայրենակիցները Ռուսաստանի աշխատավոր միգրանտների հիմնական մասն են կազմում:
«Մենք շատ նման ենք գերմանացիներին, այնպես որ մենք նրանց հասկանում ենք»,- ասել է 40-ամյա Ալեքսանդրը, ով եկել է Մոսկվա երթին մասնակցելու ու «գոյատեւման ռուսական թեւնոցներ» վաճառելու համար: «Մենք դեմ չենք բոլոր ազգություններին: Ձեզ՝ ֆրանսիացիներիդ, մենք սիրում ենք: Անցյալ տարի ծայրահեղ աջ թեւ ներկայացնող ֆրանսիացի առաջնորդները երթից հետո եկան հանրահավաքի ու աջակցեցին մեզ: Ձեր երկիրը գրավել են օտարերկրացիները, մենք չենք ցանկանում նույնը տեսնել մեզ մոտ»,- հայտարարել է Ալեքսանդրը:
Կարծես ռուսները, որոնք Ռուսաստանի Դաշնության բնակչության գերակա մասն են կազմում, ապրում են փոքրամասնության կարգավիճակում: Գտնվելով ինքնության ճգնաժամում՝ Ռուսաստանի բնակչության մեծ մասը հույս ունի ստեղծել էթնիկապես մաքուր ու կրոնական ազգային պետություն: Սրան դժվար է հասնել, քանի որ դաշնությունն իրենից ներկայացնում է ժողովուրդների ու էթնիկ խմբերի բարդ մոզաիկա, որտեղ 20 միլիոնը մահմեդականներ են:
Չեչնիական պատերազմներից հետո(1994-1996 ու 1999-2004 թվականներ) ռուսները փախչում ին Չեչնիայից, Ինգուշեթիայից, Դաղստանից, որոնք էթնիկապես դարձել էին միատարր: Կովկասի(Վրաստան, Հայաստան ու Ադրբեջան) ու Կենտրոնական Ասիայի(Ուզբեկստան, Ղըրղըզստան, Տաջիկստան) ներգաղթյալների հանդեպ ատելությունն աճում է: Պաշտոնական տվյալներով՝ վերջին տարիներին նախկին խորհրդային պետություններից դաշնություն են ժամանել 10 մլն աշխատողներ, հատկապես քաղաքներ, որտեղ աշխատում են հավաքարարներ, ինչպես նաեւ հասարակական սննդի ու շինարարության ոլորտում:
Կոռումպացված պաշտոնական անձանց ու ընկերությունների կողմից շահագործվող ներգաղթյալները ենթարկվում են հետապնդումների ազգայնական խմբավորումների կողմից, որոնք ծեծի են ենթարկում, երբեմն հասցնելով մահվան: Ռուսաստանի բոլոր ներգաղթյալները, որոնք մաշկի մուգ գույն ունեն, գիտեն, որ տարվա մեջ երեք օր պետք է թաքնվեն՝ ապրիլի 20-ին՝ Ադոլֆ Հիտլերի ծննդյան օրը, օգոստոսի 2-ին՝ դեսանտավորների օրը, նոյեմբերի 4-ին՝ ռուսական ազգային միաբանության օրը: Սակայն մյուս օրերին նրան ապահովագրված չեն խնդիրներից:
Սանկտ-Պետերբուրգում միգրացիոն ծառայությունները օգտագործում են «ռուսական մաքրման» ակտիվիստներին՝ այլատյաց խմբավորում, որպես օգնական ստուգումների ժամանակ: Միգրացիայի թեման, որը տարբեր քաղաքական գործիչներ շահարկում են ընտրությունների նախօրեին, ժամանակի անհանգստությունն է դարձել:




























