«Armenia Today» լրատվական կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանին այսօր՝ նոյեմբերի 7-ին, հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն՝ մեղադրանք առաջադրելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արգիշտի Կիվիրյանը:
Նա նշեց, որ իրեն ուղարկված ծանուցագրի մեջ նշված է եղել, որ հրավիրում են ՀՔԾ որպես մեղադրյալ: Կկալանավորեն նրան, թե՝ ոչ, վերլուծաբանն այսպես արձագանքեց. «Ամեն ինչ սպասելի է, խափանման միջոց է ընտրվելու»: Արգիշտի Կիվիրյանն ասաց, որ պայքարելու են մինչ վերջ:
Նշենք, որ ակտիվիստները հայտարարություն էին տարածել եւ հայտնել հետեւյալը. «Ռեժիմը ակնհայտ սկսել է ակտիվ, արժանապատիվ եւ պայքարող քաղաքացիների դեմ պայքար եւ ամեն գնով փորձելու է մեկուսացնել իրենց: Արգիշտի Կիվիրյանը մնում է ռեժիմի գլխավոր թիրախներից մեկը: Հանդիպում ենք Գլխավոր դատախազության մոտ ժամը 16.00-ին՝ սատարելու Արգիշտիին եւ ռեժիմին թույլ չենք տալիս շարունակելու իր ստորությունները արժանապատիվ եւ ազնիվ քաղաքացիների նկատմամբ, սա բոլորիս պայքարն է»:
Հիշեցնենք, որ Կիվիրյանը օգոստոսի 24-ին բերման էր ենթարկվել Կոմիտաս 5 հասցեից եւ դաժան ծեծի էր ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից: Կիվիրյանին տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ նրա մոտ գլխուղեղի ցնցում էին ախտորոշել: Ոստիկանությունը իր աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու փոխարեն քրգործ էր հարուցել Արգիշտի Կիվիրյանի դեմ: ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի դասակի հրամանատար Վահան Վրթանեսյանը զեկուցագիր էր գրել, իբր Երեւանի Կոմիտաս 5 հասցեի մոտ ծառայություն իրականացնելիս՝ նույն փողոցի երթեւեկելի մասն ազատելու ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ոստիկանության ավտոմեքենայով Ա.Կիվիրյանին ոստիկանության բաժին տանելու ժամանակ վերջինս հայհոյել եւ բռունցքով հարվածել է իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Դեպքի առթիվ ոստիկանության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ): Արգիշտի Կիվիրյանի եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործը եւ բոլոր նյութերը գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուղարկվել են Հատուկ Քննչական ծառայություն, քննությունը կատարվում է այնտեղ։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























