Երեւանի ուղեւորափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներն, այսօր՝ նոյեմբերի 7-ին, հավաքվել են Երեւանի քաղաքապետարանի մոտ եւ պահանջում են արագացնել քաղաքապետի կողմից դեռեւս օգոստոսին ստեղծված հանձնաժողովի աշխատանքը: Հանձնաժողովը պետք է վերլուծի ուղեվարձի ինքնարժեքը եւ այդ հարցի վերաբերյալ առաջարկներ ներկայացնի:

Ցուցարարների մոտ է դուրս եկել քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գեւորգյանը, որին էլ հավաքվածները հայտնել են իրենց սուր դժգոհությունը:

Տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչներին զայրացրել է այն, որ երկու ամիսների ընթացքում հանձնաժողովը ընդամենը երկու նիստ է անցկացրել:

«Շուտով ձմեռ է գալու, նոր ծախսեր են սպասվում՝ անվադողեր փոխել, անտիֆրիզ թարմացնել եւ այլն: Իսկ ի՞նչ գումարով: Ուղեւորափոխադրման հաշվին, այնպես չէ՞: Իսկ եթե քաղաքապետարանը խոստովանում է, որ ներկայիս ուղեվարձը դրա համար բավարար չէ, ապա ինչո՞ւ է ուշացնում այն բարձրացնելը»,- NEWS.am-ի թղթակցին հայտարարել է «Իսավ» ԲԲԸ տնօրեն Պատվական Ոսկանյանը: Նրա խոսքով՝ ներկայիս սակագինը ավտոբուսների ու երթուղայինների տեխսպասարկումն անհնար է դարձնում:

Ընկերությունների ներկայացուցիչները նշում են, որ նորմալ սպասարկում ապահովելու համար պետք է համապատասխան վճար պահանջել: Իսկ արդյոք դա հնարավոր է 100 դրամի պարագայում, որը չի փոխվել արդեն 17 տարի: «Սպասում ենք, թե երբ է հանձնաժողովը նորից հավաքվելու եւ ներկայացնելու ուղեւորահոսքի մասին տվյալները, որից էլ կախված է լինելու ինքնարժեքը: Սակայն մեզ զարմացնում է հանձնաժողովի անշտապությունը»,-հայտարարել է Հայաստանի ուղեւորափոխադրող ընկերությունների ասոցիացիայի նախագահ Հրանտ Եղիազարյանը: