Եթե իմպերիան վերականգնվում է նորից ատոմակայանը կփակվի, գործադուլներ, հացադուլներ, ընդվզումներ կլինեն. այսինքն վերադառնում ենք 1980-ական թվականներ: Այս մասին, այսօր` նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը՝ հավելելով, որ օրերս լույսերը անջատվեցին, ինչը նշանակում է, երբ կուզեն՝ կանջատեն:
Նրա խոսքով՝ մենք պետք է ազատության ձգտենք, ոչ թե վերադառնանք ռուսական իմպերիա:
Ասուլիսին հրավիրված «Ազգային անվտանգություն« կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանն էլ նշեց, որ իշխանությունները մսխել են մեր ազգային ունեցվածքը: Նրա խոսքով՝ մենք պետք է այնպիսին դառնանք, որ մեզ հետ հաշվի նստեն: «Դրա համար էի առաջարկում մեր երեք նախագահներին՝ անձնական ամբիցիաները դնել մի կողմ եւ քննարկել, հասկանալ, թե որն էր մեր սխալը: Քանի դա չի արվել, մենք լուծում չեն կարող գտնել: Սա է մեր գլխավոր խնդիրը»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը:
Նա նշեց, որ եթե իշխանությունները համապատասխան եզրակացություններ չանեն, հեղափոխությունն անխուսափելի է: Իսկ Ազատ Արշակյանն էլ ավելացրեց, որ դրոշը բարձրացված է եւ երիտասարդները առաջիկայում հրապարակը կգրավեն եւ մենք առաջիկայում հաղթանակի ականատես կլինենք:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























