Քալիֆորնիայի Գլենդել քաղաքում բնակվող 79-ամյա հայուհին իր մեքենայով վրաերթի է ենթարկել 72-ամյա մի կնոջ եւ վերջինիս 2 տարեկան թոռնիկին, որոնք հատում էին խաչմերուկը: Այս մասին հայտնում է «Glendale News-Press»-ը: Տատիկը դեմքի եւ ուսի վնասվածքներ է ստացել, իսկ թոռնիկը՝ գլխի վերին հատվածի վնասվածք: Երկուսն էլ տեղափոխվել են հիվանդանոց:
Կինն ու թոռը փողոցն անցնելիս են եղել հետիոտնային անցումով: Վարորդ Նոյեմիկ Կարապետյանը թեքվել է ձախ եւ հարվածել նրանց: Նա ոստիկաններին պատմել է, որ չի նկատել հետիոտնային անցումով անցնող տուժածներին: Կարապետյանը մնացել է դեպքի վայրում եւ ավելի ուշ ազատ էր արձակվել:
Գլենդելի իշխանությունները եւ ոստիկանությունը քաղաքում ճանապարհային երթեւեկության անվտանգությունն ուժեղացնելու քայլեր են մշակում: Այնտեղ վերջին ժամանակներս մի շարք մահացու ելքերով պատահարներ են տեղի ունեցել հետիոտների մասնակցությամբ: Քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը այս պատահարի մասին խոսել է խորհրդի նիստում, նիստի անդամներն էլ հավանություն են տվել Ճանապարհային երթեւեկության անվտանգության վարչության կողմից այդ խնդիրներին լուծում տալու նպատակով հատկացվող ֆինանսավորմանը:




























