Եթե Շանթ Հարությունյանն ունի հոգեկան հիվանդության ախտորոշում, ապա իրավապահները պարտավոր էին նախապես կանխել նրա գործողությունները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սիրունյան» իրավաբանական գրասենյակի ղեկավար, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը՝ անդրադառնալով Շանթ Հարությունյանի ձերբակալության օրինականության հարցին:
«Ես չգիտեմ, թե Շանթ Հարությունյանն ունի հոգեկան հիվանդության ախտորոշում թե ոչ: Լրատվամիջոցներում է տարածվել այդպիսի տեղեկատվություն: Ես Շանթ Հարությունյանին առողջություն եմ մաղթում: Սակայն, եթե այդ ախտորոշումն առկա էր, իրավապահները պարտավոր էին նախապես կանխել նրա գործողությունները եւ Սահմանադրության 16 հոդվածի 6-րդ կետի համաձայն նա պետք է մեկուսացվեր նախապես, հատկապես, որ նա չէր թաքցնում իր նպատակները»,- ասաց Ալեքսանդր Սիրունյանը:
Նշենք, որ Շանթ Հարությունյանի նախկին կինը՝ Ռուզաննա Բադալյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ իր նախկին ամուսինը «գժի թուղթ չունի», «Շանթը գիժ չի ու գիժ չի էլ եղել»: Նա պատմել էր, որ Շանթ Հարությունյանին ձերբակալել էին 2008թ մարտի 1-ի գործով, մեկ տարի շարունակ նրան պահել են, բայց մեկ տարի անց են միայն որոշել դատահոգեբուժական փորձաքննության ենթարկել, ինչը առնվազն կասկածելի է: Իսկ այդ ժամանակ նրա հետ շատ վատ էին վարվել, փորձել սրսկել քնած ժամանակ եւ այլն: Փորձաքննությամբ պարզվել է, որ Շանթ Հարությունյանը մարտի 1-ից առաջ եղել է նորմալ, առողջ վիճակում, մարտի 1-ին ստեղծված իրավիճակում եղել է աֆեկտի մեջ եւ չի գիտակցել իր գործողությունները:
Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, որն արդեն մի քանի օր Ազատության հրապարակում նստացույց էր անում եւ հայտարարել էր հեղափոխություն սկսելու մասին, նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 37 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան, նրանցից մեկն էլ դանակահարվել էր: Մարմնական վնասվածքներ էր ստացել NEWS.am-ի թղթակիցը:




























