55-ամյա Սուքիաս Գ.-ն Փոքր Սարիար գյուղում, Մամբրե Գ.-ի տանը, ոգելից խմիչք օգտագործած վիճակում սպառնացել է սպանել Մամբրեի դստերը, ապա մեքենայից հանել հրացանն ու կրակել նրա ոտքերի տակ: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 55-ամյա Սուքիաս Գ.-ն այս տարվա սեպտեմբերի 4-ին ժամը 17-21 ընկած ժամանակահատվածում Փոքր Սարիար գյուղում, Մամբրե Գ.-ի տանը Արտյոմ Կ.-ի հետ ոգելից խմիչք են օգտագործել: Մամբրե Գ.-ի դուստրը՝ Անի Գ.-ն պահանջել է դադարեցնել ոգելից խմիչք օգտագործելը, իսկ Սուքիաս Գ.-ից՝ հեռանալ: Այդ պատճառով Սուքիաս Գ.-ն սպառնացել է սպանել Անի Գ.-ին եւ «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենայից հանել է հրազենը եւ կրակել նրա ոտքերի տակ:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Այն պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գործը դատարան է ստացվել հոկտեմբերի 7-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: