«Հրապարակը» գրում է. «Չնայած հին եւ վերածնված ՀՀՇ-ականների միջեւ ՀՀՇ բրենդը կռվախնձոր է դարձել, սակայն, ինչպես երեւում է, վերածնված ՀՀՇ-ականները չեն պատրաստվում կռվին վերջ դնել:
Նրանք, մեր տեղեկություններով, ըստ սահմանված կարգի, չեն ներկայացրել կուսակցության հոկտեմբերի 26-ին կայացած համագումարի արձանագրությունը ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետռեգիստր, որպեսզի գրանցվեն: Թե ինչու են հապաղում, երեկ մեզ չհաջողվեց պարզել, հայտնի ՀՀՇ-ականները բոյկոտել էին իրենց բջջայինները, իսկ արդարադատության նախարարի մամլո խոսնակ Կարինե Քալանթարյանը միայն փոխանցեց, որ անցած շաբաթ փաստաթղթերը դեռ չէին տարել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին ՀՀՇ համագումարից հետո «Հայոց համազգային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Վահագն Հայոցյանը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ «Հայոց համազգային շարժում»` ՀՀՇ, անվանումը եւ ՀՀՇ խորհրդանշանը պատկանում են իր ստեղծած հասարակական կազմակերպությանը եւ գրանցված են պետռեգիստրում: Մինչդեռ պետական ռեգիստրում գրանցված կա «Հայոց համազգային շարժում. ազատականության տարածման եւ ժողովրդավարության զարգացման» անվանումով հասարակական կազմակերպություն: Այնպես որ, ՀՀՇ կուսակցության գրանցման հարցում, ըստ էության, լուրջ խոչընդոտներ չեն առաջանա, մնում է միայն, որ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվեն պետռեգիստր»:




























