Սերժ Սարգսյանի անելիքն այսօր առաջին հերթին ԱԱԾ Սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Հրանտ Եպիսկոպոսյանին եւ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին աշխատանքից անհապաղ ազատելը պետք է լինի։ Այս մասին գրում է «Հայացք» թերթը եւ հավելում. «Ինչո՞ւ։ Արդեն մի քանի օր է Երեւանի կենտրոնում Շանթ Հարությունյանը բարձրախոսով, լրատվամիջոցներին տված հարցազրույցներով հայտարարում է, որ պայթուցիչներով, բենզինի շշերով ու մահակներով հեղափոխություն է անելու:

Ահագին հզոր գլխավոր վարչություն ունեք, պարոն գեներալ Հրանտ Եպիսկոպոսյան, «էշի ականջում քնա՞ծ էիք»: Օպերայի մուտքի մոտ հարյուրի հասնող «դուբինկաներ» էին դրված, չէիք տեսնո՞ւմ: Բա ձեր բանուգործը ո՞րն է: Ինչո՞ւ չկանխեցիք:

Կամ Երեւանի ոստիկանապետը «գետինը չի մտնո՞ւմ», որ օրը ցերեկով քաղաքի կենտրոնում, շատերի կյանքին վտանգ սպառնող տասնյակ պայթուցիկներ են գործում:

Բա քո գործի անո՞ւնն ինչ է:

Եթե Շանթ Հարությունյանի երեկվա գործողությունները ԱԱԾ-ի եւ ոստիկանության «պրոյեկտը» չէ, ապա գեներալ Եպիսկոպոսյանն ու Երեւանի ոստիկանապետը պետք է հեռացվեն աշխատանքից: Եթե չհեռացվեն, ուրեմն ամեն ինչ իրենց ծրագրածն է»,- գրում է «Հայացքը»՝ հավելելով, որ այս մտահոգություններն իրենց հետ կիսել են այդ համակարգում աշխատող երկու բարձրաստիճան պաշտոնյաներ (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):