Գրավի ինստիտուտը Հայաստանում կայացած չէ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, ՀՀ ԱԺ-ում, ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի զեկուցող Մայլիս Ռեփսի հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը:
Մայլիս Ռեփսը տարածաշրջան է այցելել փաստահավաք առաքելությամբ՝ «Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում մարդու իրավունքների պաշտպանների դերի եւ պաշտպանվածության ամրապնդումը» թեմայով զեկույց նախապատրաստելու նպատակով:
Էլինար Վարդանյանը հյուրին ներկայացրել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք խնդիրներ, ոլորտում կատարվող աշխատանքների ընթացքը: Նա նշեց, որ իր գլխավորած հանձնաժողովը պարբերաբար հանդիպում է հասարակական կազմակերպությունների հետ, քննարկում նրանց հուզող խնդիրները եւ անհրաժեշտության դեպքում առաջարկում օրենսդրական փոփոխություններ: Տիկին Վարդանյանն անդրադարձավ քրեակատարողական հիմնարկներում եւ ձերբակալված անձանց պահելու վայրերում մարդու իրավունքների վիճակին: Նա ընդգծեց, որ խնդիրներ կան հատկապես կալանավորման հետ կապված:
Խոսելով զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներից՝ տիկին Վարդանյանը տեղեկացրել է, որ առաջիկայում այդ թեմայով ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ կազմակերպվելու են խորհրդարանական լսումներ: Տիկին Վարդանյանն անդրադարձել է «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրինագծերին:
Կողմերը քննարկելի են նաեւ հասարակական եւ քաղաքական կյանքում կանանց դերի բարձրացմանը, կրոնական կազմակերպությունների գործունեությանն առնչվող մի շարք հարցեր:





























